Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը մինչև քառօրյայի ավարտը կփորձի 27 պատգամավորի ստորագրություն հավաքել, ինչն անհրաժեշտ է խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարությունների ժամին կրկին կոչ արեց պատգամավորներին միանալ ստորագրահավաքին:

Երեկ ձևաթուղթը ստորագրած ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Համախմբում» կուսակցությունների 14 պատգամավորներին այս պահի դրությամբ միացել են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Էդմոն Մարուքյանը:

Վերջինս ասաց․ - «Բայց նաև ես այն կարծիքին եմ, որ եթե չստացվի տեղափոխել, ապա պետք է հենց ամսի 2-ի ընտրությունները վերածել փոփոխությունների ընտրությունների»:

Արամ Մանուկյանի խոսքով, այլ պատգամավորներից ևս խոստումներ ունեն․ - «Մինչև քառօրյայի վերջը կսպասենք, երկու օր կսպասենք, հուսանք 27 ստորագրություն կհավաքվի: Մեր հաշվարկներով, խոստումներով, այս պահին այդ թիվը կարող է հասնել 23-24-ի: Բայց, ես կարծում եմ, շատ դժվար կլինի բացատրություն տալ այն մարդկանց կողմից, ովքեր կարդալով մեր իրավաբանական հիմնավորումները, որոնք առավել քան համոզիչ են, որ կա սահմանադրական խախտում, և իրենք չստորագրեն այդ թուղթը»:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, ըստ դրա ղեկավար Հեղինե Բիշարյանի, չի միանա ստորագրահավաքին: Բիշարյանի խոսքով, իրենք ընդունում են, որ ընտրությունների օրվա և Սահմանադրության միջև հակասություններ կան, սակայն իրենք արդեն ամեն ինչ նախապատրաստել են այս ժամանակացույցով և այն փոփոխությունների ենթարկելը նպատակահարմար չեն համարում․ - «Ես կարծում եմ, որ սա բավականին լուրջ խնդիր է այն քաղաքական ուժերի համար, որոնք իսկապես պլանավորված աշխատել են: Մենք գտնում ենք, որ ճիշտ չի լինի հիմա խախտել այն պլանավորումը, որ արդեն իսկ պատրաստ է եղել: Զուտ այդ տեսանկյունով, կազմակերպչական առումով, ինքը ոչ ձեռնտու առաջարկ է»:

Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությանն անդամագրված պատգամավորները ևս միացել են ստորագրահավաքին: Այն, որ ապրիլի 2-ը ընտրությունների օր է նշանակվել դեռևս ուժի մեջ չմտած սահմանադրական դրույթի համաձայն, նկատել էր այս կուսակցությունից Էլինար Վարդանյանը: Ու թեև Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը հակադարձել էր, թե ընտրությունների օրը նշանակվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան մարգարյանի համար նրա բացատրությունները համոզիչ չեն․ - «Ճիշտ չէ նոր կառավարման համակարգի անցնելը կամ խորհրդարանական համակարգի անցնելը, նոր Սահմանադրության անցնելը սկսվի խախտումով»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել էր, որ կողմ են Սահմանադրական դատարան դիմելուն: Առայսօր, սակայն, մեծությամբ երկրորդ այդ խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր է միացել ստորագրահավաքին:

Զոհրաբյանի խոսքով, խմբակցության որոշում այդ կապակցությամբ չի եղել․ - «Ցանկացած պատգամավոր ազատ է իր խղճի կամոք միանալ կամ չմիանալ: Խնդիրը օր չէ, և փորձել խնդիրը տեղափոխել էմոցիոնալ դաշտ, ես համարում եմ ոչ այնքան պարկեշտ, որովհետև ես ինքս հարցին մոտենում եմ այլ տեսակետից․ եթե հենց ապրիլի 2-ին մենք կարողանանք, համախմբելով ընդդիմադիր դաշտի և ժողովրդի ողջ ներուժը, անցկացնել այնպիսի ընտրություն, որի արդյունքում ձևավորվի այնպիսի լեգիտիմ իշխանություն, որի ձեռքը չգնա զինվորի փամփուշտի փողը ծախսել, զինվորի հացը գողանալ, դա կլինի հարգանքի ամենամեծ տուրքը և ամենամեծ խոնարհում ապրիլի 2-ին զոհված մեր զինվորների հիշատակի առջև»:

Իշխող Հանարեպտական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասում է, թե իրավական որևէ խնդիր չկա: Ընտրությունների օրը կարող է փոխվել միայն մեկ պատճառով, որը նշել է նախագահ Սերժ Սարգսյանը․ որպեսզի այն չհամընկնի ապրիլյան պատերազմի տարելիցի հետ, այն էլ՝ եթե բոլոր ուժերը համաձայնեն․ - «Ընտրությունը, իհարկե, լավ չի, որ համընկավ այդ օրերի հետ: Լավ կլիներ, որ մի քանի օր ուշ լիներ կամ շուտ, բայց նաև համոզված եմ, որ իրավաբանները քննարկել են այդ թեման ընտրության օրը որոշելուց առաջ»:

XS
SM
MD
LG