Մատչելիության հղումներ

Սունդուկյանի թատրոնը կներկայացնի Արցախյան ազատամարտին նվիրված բեմադրության առաջնախաղը


Այս երեկո Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հրաչ Բեգլարյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան:

Արցախյան գոյամարտի մասին պատմող այս պիեսը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, գլխավոր դերում Ջուլիետա Ստեփանյանն է:

Պրեմիերային ընդառաջ հրավիրած ասուլիսին թատերախմբի անդամներն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը նշեցին, որ այս գործը չափազանց հրատապ է նաև մեր օրերի համար՝ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

«Այս ներկայացումը ծրագրային նշանակություն ունի ակադեմիական թատրոնի համար ոչ միայն այն պատճառով, որ նվիրված է Արցախյան հերոսամարտին, այլ նաև, որ ժամանակակից հեղինակ է բարձրացել բեմ», - նշեց Արմեն Էլբակյանը:

«Այսօր հանդիսատեսի դատին կհանձնենք երկար սպասված «Արծվաբույնը»: Թատրոնը վերազինվեց, ապրիլյան պատերազմից հետո որոշակի դադարներ եղան՝ կապված այդ իրադարձությունների հետ: Որովհետև նախատեսում էինք 2016-ին առաջնախաղը Ստեփանակերտում խաղալ, նվիրել մայիսյան հաղթանակների տոնին», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ շարունակելով․ - «Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ անպայման թատրոնի մարդիկ՝ ռեժիսորները, դերասանները, նկարիչները, բոլորը պետք է իրենց մատը պահեն ժամանակի զարկերակի վրա»:

Թե՛ բեմադրության հեղինակի, թե՛ թատերախմբի մյուս անդամների և հատկապես գլխավոր դերակատար Ջուլիետա Ստեփանյանի հավաստիացմամբ, ներկայացման մեջ ներգրավված յուրաքանչյուր ոք շատ մեծ պատասխանատվությամբ է աշխատել, քանի որ խոսքը յուրաքանչյուր հայի համար չափազանց նվիրական խնդրի՝ Արցախյան հերոսամարտի մասին է:

«Բարդը ոչ թե մենակ խաղալու համար է, այլ հոգու ցավի մասին է խոսքը: Շատ ծանր ես տանում: Հոգիս է ցավում, հասկանո՞ւմ եք: Ամբողջ անձնակազմը երիտասարդներ են, և այդ երիտասարդները բոլորը ապրեցին այդ կյանքը: Պատկերացրեք, որ ներկայացումը կամ փորձը, որ անում ենք, մոռանում ենք, որ դա բեմ է, թատրոնում ենք: Այդպես ամեն մեկը իր վրա վերցրած, իր կյանքի ճիղի վրա վերցրած խաղում է»:

XS
SM
MD
LG