Մատչելիության հղումներ

Չնայած ծագած սկանդալին, Ֆրանսուա Ֆիյոնը չի լքի նախագահական ընտրարշավը


Չնայած իր ընտանիքի շուրջ ծագած աղմկալի կոռուպցիոն սկանդալին, Ֆրանսիայի նախկին վարչապետ, աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը չի լքի նախագահական արշավը: Այս մասին Ֆիյոնը հայտարարեց երեկ Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսում:

«Նախնական ընտրությունների արդյունքները չեն կարող կասկածի տակ առնվել: Այսօր մեկնարկում է մեր քարոզարշավի նոր փուլը», - հայտարարել է Ֆրասնուա Ֆիյոնը:

Անցած տարեվերջին Ֆիյոնը վստահորեն հաղթեց ֆրանսիացի աջերի շրջանում կազմակերպված ներկուսակցական ընտրություններում` պայքարից դուրս մղելով մի շարք փորձառու թեկնածուների, այդ թվում՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Ֆրանսիական մամուլի գնահատմամբ, Ֆիյոնի հաջողության հիմնական պատճառներից մեկը քաղաքական կարիերայի ընթացքում ցուցաբերած անթերի վարքն էր: Ֆիյոնը իր գրեթե 30-ամյա քաղաքական գործունեության ընթացքում երբեք ներքաշված չէր եղել որևէ կոռուպցիոն սկանդալում:

Ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սակայն, Ֆիյոնը հայտնվեց աղմկալի սկանդալի կիզակետում: Փարիզյան թերթերից մեկը գրել էր, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական`այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով: Երեկ Ֆրանսուա Ֆիյոնը հաստատեց, որ իր կինն աշխատել է Ազգային ժողովում, սակայն պնդեց, որ դա ձևական բնույթ չի կրել․ - «Այո, ես իմ կնոջն աշխատանքի եմ ընդունել, և նա աշխատել է որպես իմ օգնական: Հետագայում նա կատարել է իմ տեղեկալի օգնականի պարտականությունները, որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է իմ օգնականի պարտականությունների կատարմանը: Նա այս աշխատանքը կատարել է շուրջ 15 տարի` ամսական միջինը 3700 եվրո աշխատավարձ ստանալով»:

Ապա շարունակել է․ - «Հարազատների հետ քաղաքական ասպարեզում աշխատելը ֆրանսիացիների կողմից այլևս չի ընդունվում: Այն, ինչ ընկալելի էր երեկ, այսօր արդեն ընդունելի չէ :Դա իմ սխալն էր, որի համար ես խորապես ափսոսում եմ և ներողություն եմ խնդրում ֆրանսիացի ժողովրդից»:

Ֆրանսիայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումները, սակայն, վկայում են, որ այս սկանդալը բացասաբար է ազդել Ֆիյոնի վարկանիշի վրա: IFOP և BVA սոցիոլոգիական ծառայությունների վերջին հետազոտոթյունների համաձայն, Ֆիյոնը ընտրությունների առաջին փոլում կարող է հավակնել քվեների 18-20 տոկոսին` զիջելով ծայրահեղ ազգայնական Մարին Լե Պենին, ում օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 25 տոկոսը, և կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնին, ով հավակնում է ընտրողների ձայների 20-22 տոկոսին:

«Երկրորդ փուլում, սակայն, Մակրոնը հեշտությամբ կհաղթի ազգայնական թեկնածուին` ստանալով քվեների 63 տոկոսը», - պնդում են ֆրանսիացի սոցիոլոգները:

Այս պահին Ելիսեյան պալատ մուտք գործելու ամենահավանական թեկնածուն` Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի քաղաքական դաշտի նորեկներից է: Ամենաբարձր քաղաքական դիրքը, որում գտնվել է այս նախկին ներդրումային բանկիրը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն է, որը Մակրոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին:

Մակրոնը Եվրամիության ինստիտուտների ամրապնդման կողմնակից է, ինքն իրեն բնութագրում է որպես ձախ լիբերալ: 39-ամյա Մակրոնի կինը` Բրիժիտ Տրոնյեն, 64 տարեկան է, նա նախագության թեկնածուի նախկին ուսուցչուհին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG