Մատչելիության հղումներ

Յունկերը` Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ. «Ինձ համար օրվա լավ մասն արդեն ավարտված է»


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին արած կատակով ակնարկել է այդ երկրի հետ Եվրամիության դժվար հարաբերությունների մասին:

«Շնորհակալություն, Ձեզ լավ օր եմ մաղթում», - երկուշաբթի օրը Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ավարտին, լրագրողներին դիմելով, ասել է Յունկերը` հավելելով. - «Իսկ ես այժմ գնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, այնպես որ օրվա լավ մասն արդեն ավարտված է»:

Reuters գործակալության հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյաները չեն մեկնաբանել Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը: Ադրբեջանի նախագահի խոսնակը, սակայն, ասել է, որ Յունկերը և Ալիևը քննարկել են էներգետիկայի և տնտեսության ոլորտում համագործակցությունը, և որ Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցը:

Իլհամ Ալիևը Բրյուսելում է Ադրբեջան - Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես` ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու նպատակով կառուցվելիք նոր գազամուղների հարցը քննարկելու նպատակով:

Իլհամ Ալիևի այցից առաջ իրավապաշտպան ավելի քան 7 տասնյակ կազմակերպություններ համատեղ նամակով դիմել էին Եվրամիության պաշտոնյաներին՝ հորդորելով Ալիևից հստակ և ընդարձակ բարեփոխումներ պահանջել ժողովրդավարության ոլորտում:

Երեկ հայտնի դարձավ, որ Ալիևը չեղյալ է հայտարարել հանդիպումը Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ, քանի որ ԵՄ օրենսդիր մարմնում հատուկ քննարկում էր անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG