Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ու Ադրբեջանը սկսում են բանակցությունները գործընկերության նոր համաձայնագրի շուրջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Բրյուսել, 6-ը փետրվարի, 2017 թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Բրյուսել, 6-ը փետրվարի, 2017 թ․

Եվրամիությունն ու Ադրբեջանը վաղվանից պաշտոնապես սկսում են բանակցությունները գործընկերության նոր համաձայնագրի շուրջ, որի նպատակն է է՛լ ավելի սերտացնել քաղաքական ու տնտեսական կապերը:

«Ադրբեջանը առանցքային գործընկեր է Բրյուսելի համար», - նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո այսօր հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթի հենց սկզբում ընդգծելով, որ եվրոպական ընտանիքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ - «Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, որի անկախությունը, ինքնիշխանությունը և տածաքային ամբողջականությունը մենք պաշտպանում ենք: Ադրբեջանը կարևոր է Եվրամիության էներգետիկ անվտանգության ու մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար»:

Ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալով` Տուսկը հայտարարեց. - «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ լուծում հանդիսանալ: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի միջազգային օրենքի տառին համապատասխան: Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը և առաջարիները:»:

Կողմերը նշեցին, որ ինտենսիվորեն աշխատում են «Հարավային գազային միջանցքը» ավարտին հասցնելու համար, որով 2019-ից արդեն Եվրոպան ակնկալում է Ադրբեջանից տարեկան շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ:

Բրյուսելին իր հավատարմությունը ցույց տալու համար Իլհամ Ալիևը ընդգծեց, թե Բաքուն լուրջ միջոցներ է ներդնում նաև Եվրոպայի հետ տրանսպորտային կապերը սերտացնելու համար․ - «Մենք մեծ ներդրումներ ենք արել Ասիան Եվրոպային կապող նոր երկաթուղի կառուցելու համար, և հուսով ենք, որ այս տարի այն արդեն կսկսի աշխատել՝ շուրջ երկու անգամ կրճատելով բեռները Եվրոպայից Ասիա տանել-բերելու ժամանակը»:

Իլհամ Ալիևի այցից առաջ իրավապաշտպան ավելի քան 7 տասնյակ կազմակերպություններ համատեղ նամակով դիմել էին Եվրամիության պաշտոնյաներին՝ հորդորելով Ալիևից հստակ և ընդարձակ բարեփոխումներ պահանջել ժողովրդավարության ոլորտում:

«Ադրբեջանը ոտնահարում է խոսքի, հավաքների ազատությունն ու հիմնարար այլ իրավունքները, կոպտորեն անտեսում Եվրոպական դատարանի որոշումը ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամմադովի գործով, ինչպես նաև արգելում հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը Եվրամիության կողմից: Խորացնելով ու ընդարձակելով կապերը այսպիսի կառավարության հետ՝ առանց երաշխավորելու հստակ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կնշանակի, որ այս հարցերը կարևոր չեն Եվրամիության համար», - ընդգծել էին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները:

Եվրոպական խորհդրի ղեկավար Դոնալդ Տուսկը, սակայն, խուսափեց հստակ ու հասցեական քննադատությունից․ - «Մեր բանակցություններում ես ընդգծեցի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանության կարևորությունը: Եվրամիությունը համոզված է, որ բաց հասարակությունը լավագույն երաշխիքն է տևական կայունության ու բարգավաճման համար»:

Ալիևն իր հերթին բավական ծավալուն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին՝ կրկին մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի հողերը օկուպացնելու, խնդրի կարգավորումը ձգձգելու համար․ - «Ցավոք, օկուպացիան շարունակվում է ավելի քան 20 տարի և այն չի կարող որևէ կերպ արդարացվել: Եվ ես շատ շնորհակալ եմ նախագահ Տուսկին, որ նա իր խոսքում մեկ անգամ ևս աջակցություն հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Եվրոպական խորհդի ղեկավարի հետ բարեհամբույր Ալիևը այս ասուլիսից ժամեր առաջ չեղարկել էր հանդիպումը եվրոպական մեկ այլ կառույցի՝ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ, քանի որ օրենսդիր մարմնում այսօր հատուկ քննարկում էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Լսումներին մասնակցում էին նախկինում Ալիևի քաղաքականությունը բազմիցս քննադատած մի խումբ եվրոպացի պատգամավորներ, այդ թվում ավստրիացի Ուլրիկե Լունաչեկը, ում մասին Իլհամ Ալիևը ամիսներ առաջ հրապարակավ ասել էր․ - «Չգիտեմ, թե ինչու, բայց նա ատում է Ադրբեջանը, և փորձում է անընդհատ սևացնել մեր հեղինակությունն աշխարհում»:

Հեռակա տեսակապի միջոցով քննարկմանը հրավիրված էր նաև Ալիևի վարչակազմի կողմից կալանավորված, վերջերս ազատ արձակված լրագրող Խադիջա Իսմայիլովան: Միջոցառումից 15 րոպե առաջ, սակայն, հետաքննող լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ տունը, որտեղից պետք է ուղիղ եթեր դուրս գար, հոսանքազրկվել է, ինտենետ կապն անջատվել է:

«Ազատության» ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, Իսմայիլովան փորձել է տաքսիով ապահով վայր հասնել՝ քննարկմանը միանալու համար, սակայն ոստիկանները հետապնդել ու խոչընդոտել են՝ ի վերջո տուգանային հրապարակ տանելով մեքենան:

XS
SM
MD
LG