Մատչելիության հղումներ

Որևէ քաղաքական ուժ կամ դաշինք առայժմ փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը աշխատանքային օրվա ավարտին «Ազատությանը» փոխանցեց, որ որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողով չի ներկայացրել:

«Ընտրական ցուցակները կարող են ունենալ երեք մաս՝ համապետական ցուցակ, որը ունի երկու մաս, երկրորդ մասը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, և նաև տարածքային ցուցակների հատվածը, քանի որ գիտենք, որ ընտրական տարածքներ կան տասներեք, և ամեն տարածքում կուսակցությունը կարող է առաջադրել, պետք է առաջադրի թեկնածուներ», - փոխանցեց Սմբատյանը:

Ըստ ժամանակացույցի, ընտրություններին մասնակցելու ծրագրեր ունեցողները դա կարող են անել նաեւ առաջիկա 10 օրերին: «Ազատության» հետ զրույցում կուսակցությունների ներկայացուցիչներն ասում էին, թե դեռ շարունակում են քննարկումները:

Քիչ թե շատ հստակություն կա ընդդիմադիր ՀԱԿ-ում՝ ընտրությունների կգնան Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ դաշինքով:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոոքով, որոշված են նաև ցուցակը գլխավորող երկու անունները․ - «Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի առաջինը ցուցակում: Երկրորդը կլինի Ստեփան Դեմիրճյանը»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասյօր հայտարարեց, որ ցուցակի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են՝ չցանկանալով բացահայտել, թե ով է գլխավորելու այն․ - «Խոստանում եմ ձեզ, որ մենք ժամանակը չենք խախտի, և, ժամանակի մեջ տեղավորվելով, կներկայացնենք մեր ցուցակները, և այնտեղ դուք ականատեսը կլինեք, թե ով կգլխավորի մեր ցուցակը»:

Բաղդասարյանի խոսքով՝ ցուցակը կլինի «ավելի քաղքականացված»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ առաջադրվելով Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:

Այս կապակցությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց․ - «Մենք հակված չենք ընդհանրապես որևէ հատվածի մեկուսացնել: Անկախ նրանից, ձեր տված որակումներին, իհարկե, գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենք նրանք հնարավորություններն ու կարողությունները պառլամենտական աշխատանքում: Եվ այդ սկզբունքներով էլ պետք է կազմենք ցուցակը»:

«Ազատ դեմոկրատներից» Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ցուցակը ներկայացնելու համար կուսակցության վարչության որոշում է հարկավոր․ - «Վաղը կուսակցության վարչության որոշում կլինի։ Դա կլինի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն ոչ միայն վարչության անդամները: Որովհետև զուտ իրավական քվեարկության մասին չենք խոսում, այլ նաև՝ ընդհանուր հայտարարի գալու, նաև այն մարդկանց ներգրավելու որոշում կայացնելու գործընթացի մասին, ովքեր առանցքային դերակատարներ են լինելու այս գործընթացում, բայց իրենք զուտ կուսակցական պատկանելություն չունեն»:

Առաջին հորիզոնականները Քոքոբելյանը չի բացահայտում, սակայն հայտնի է, որ «Ժառանգության» նախկին անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը ևս կլինեն «Ազատ դեմոկրատների» ցուցակում․ - «Հստակ արդեն ուրվագծված է, թե ովքեր կլինեն առաջին տասնյակում հանդես եկողները․․․ Սկսած առաջին տեղից մինչև վերջին տեղը կուսակցության վարչության որոշումով կամրագրվի, և, կարծում եմ, ամեն ինչ կլինի տրամաբանության շրջանակներում: Բացառությամբ մի 7-10 հոգուց, որոնց հանրությունը բացի ճանաչելը, նաև հնաբնակներ են քաղաքական դաշտում, մնացածը կուսակցական կյանքում նոր մարդիկ չեն, բայց հանրային կյանքում նոր երևացող դեմքեր են լինելու»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ շարունակում են բանակցել «Ելք»-ի, ինչպես նաև Սեյրան Օհանյան - Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG