Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ստորագրություններ կհավաքի Աժ ընտրությունների օրը ՍԴ-ում վիճարկելու համար


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախագահի հրամանագիրը, ըստ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության, հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ, քանի որ, ինչպես ասացի, դա հակասում է Սահմանադրությանը», - այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով. - «Կառավարությունն, ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ հիմքերը, որոնք առկա են, լրիվ բավարար են նրա համար, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան, և թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ։ Ուստի և Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում Սահմանադրական դատարանին, որը ուղղված է հենց այդ հրամանագիրը անվավեր ճանաչելուն»։

Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան հետ այսօր ձևաթուղթ կվերցնեն՝ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների հավաքը սկսելու նպատակով։ «Խնդրում ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում այնուամենայնիվ Ազգային ժողովի ընտրությունների հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ չլինի, միանալ այս դիմումին», - հայտարարեց Զուրաբյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը սկզբունքային չէ, և բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստակամ են օրը վերանայել. - «Ուզում եմ հիշեցնել, որ իսկապես եղել են իրավաբանների, մասնագետների բացատրությունները տվյալ որոշման մասին, բացի դրանից՝ հնչել է նաև ՀՀ նախագահի, ՀՀԿ ղեկավարի կարծիքը, մոտեցումն այն մասին, որ խնդիրը սկզբունքային չէ, և բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք օրը վերանայել»։

Հիշեցնենք, որ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ևս բարձրաձայնել էր, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում։ Ըստ նրա, ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները նշանակվեին ապրիլի 20-ից հետո: Վարդանյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով «չսկսել խախտումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG