Մատչելիության հղումներ

«Պրոդ Էքսպո-2017» մոսկովյան ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում է 23 ընկերություն


Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի
Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ երկրի 23 ընկերություններ մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Հայաստանյան ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։

Անցած տարի նույն ցուցահանդեսին մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ և նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, ասված է Հայաստանի զարգացման հիմնադրամի հաղորդագրությունում:

«Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են շուրջ 600 հնարավոր գնորդների, այդ թվում` հանրաճանաչ առևտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, շուրջ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվել»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում։

Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2 հազար կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 հազար մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ասված է հաղորդագրությունում:

«ԱՎԾ 2016 թվականի հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերը՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս: Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը հունվար-դեկտեմբերին կազմել է 20.8 տոկոս, արտահանման ծավալը՝ 371 միլիոն դոլար», - նշում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG