Մատչելիության հղումներ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու հարցը կորոշվի առաջիկայում. Մայք Փենս


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու հարցը կորոշվի առաջիկայում՝ կախված Ռուսաստանի պահվածքից: Նման հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ABC-ին տված հարցազրույցում։

Փենսը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումը կախված է Ռուսաստանի դիրքորոշումից և միասին աշխատելու հնարավորությունից։

Սպիտակ տունը, ըստ ԱՄՆ փոխնախագահի, մտահոգված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրմամբ, սակայն պատժամիջոցները հանելու հարցը Փենսը կապել է ոչ միայն ուկրաինական հարցում Ռուսաստանի դիրքորոշման, այլև «Իսլամական պետության» դեմ պայքարում հնարավոր համագործակցության հետ։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ Միացյալ Նահանգների համար առաջնայինը «Իսլամական պետության» ոչնչացումն է։

«Իսլամական ահաբեկիչների դեմ պայքարը Ռուսաստանի շահերից էլ է բխում, հատկապես պայքարը «Իսլամական պետության» դեմ, և եթե համատեղ աշխատանքի հնարավորություն կա, կարծում եմ, որ նախագահը կմտածի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերականգնելու մասին», - ասել է Փենսը։

Հիշեցնենք, հունվարի 29-ին Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ պատժամիջոցների հարցը վերջնականապես դեռ չի որոշվել։ Հավելենք, որ հունվարի 28-ին կայացել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հեռախոսազրույցը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ հայտարարել էր, որ երկու առաջնորդները միասին աշխատելու պատրաստակամություն են հայտնել, և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու համար Մոսկվան պատրաստ է անցնել ճանապարհի իր հատվածը։

Դիտորդների կարծիքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր պայմանավորվածության բոլոր մանրամասները դժվար թե հրապարակվեն։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած գնահատականին, թե նա «մարդասպան է», ասել էր, թե Միացյալ Նահանգները նույնպես «բազմաթիվ քիլլերներ» ունի։

Բիլ Օ'Ռեյլիի հարցին, թե նա հարգո՞ւմ է Պուտինին, Թրամփը պատասխանել էր. - «Այո, ես հարգում եմ նրան: Բայց ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում: Դա դեռ չի նշանակում, որ ես իր հետ լեզու կգտնեմ։ Այսպես ասեմ՝ ավելի լավ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան՝ ոչ, և եթե Ռուսաստանն օգնի մեզ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում, դա լավ բան կլինի»։

«Բայց նա մարդասպան է: Պուտինը մարդասպան է», - հակադարձել է Օ'Ռեյլին: «Մարդասպաններ շատ կան: Մենք էլ բազմաթիվ քիլլերներ ունենք», - պատասխանել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG