Մատչելիության հղումներ

Խոշոր ներկրողների վճարած հարկերը պակասել են


Պետկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, արխիվ:
Պետկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, արխիվ:

Իշխանությանը մոտ կանգնած, ներկրումներով զբաղվող և մոնոպոլիստ համարվող գործարարները անցած տարի նկատելիորեն ավելի քիչ հարկ են վճարել, քան 2015-ին:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկից նաև պարզ է դառնում, որ խոշորագույն առաջին տասնհինգ ընկերությունները գրեթե 4 միլիարդ դրամ պակաս հարկ են մուծել 2016-ին, քան 2015-ին:

Պատկերացնելու համար նշված տասնհինգ ընկերությունների կշիռը հայաստանյան տնտեսության մեջ՝ նշենք, որ դրանց վճարած հարկերը ողջ հարկային մուտքերի ավելի քան 20 տոկոսն են:

Հայտնի «Ալեքս գրիգ» ընկերությունը, որը, ըստ լրտվամիջոցների, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, անցած տարի ավելի քան 18.5 տոկոսով նվազեցրել է հարկային վճարները կամ պետբյուջե պակաս է փոխանցել ավելի քան 3.3 միլարդ դրամ:

Նույն պատկերն է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության դեպքում․ «Նատալի ֆարմ»-ը 2016-ին 14.5 տոկոսով պակաս հարկ է վճարել, քան 2015 թվականին::

«Ֆլեշ» ընկերությունը, որը բենզինի, դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք ունի, անցած տարի գրեթե երկու միլիարդ դրամ քիչ հարկ է վճարել, քան 2015-ին․ անկումը կազմել է մոտ 14.5 տոկոս: «Ֆլեշի» այս ցուցանիշը ավելի ակնառու է դառնում, երբ համեմատում ես բենզինի, դիզվառելիքի վաճառքով զբաղվող CPS Oil Corporation-ի հետ: Այն անցած տարի 4.3 միլիարդ դրամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2015-ին, և աճը կազմել է 45.6 տոկոս

Նույն պատկերն է բանանի շուկայում, որի շուրջ ժամանակ առ ժամանակ ծագող աղմուկին կառավարությունը ավանդաբար պատասխանում է տնտեսությունը իրապես ազատականացնելու հերթական խոստմամբ: 2016 թվականին «Քեթրին գրուպ» ընկերությունը ավելի քան 20 տոկոս, կամ շուրջ 250 միլիոն դրամ պակաս հարկ է վճարել, քան 2015֊ին:

Այն, որ Հայաստանում կան արտոնյալ գործարարներ, նախորդ տարվա վերջին հրապարակավ խոստովանեց Պետկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը․ - «Ես, լինելով գործարար աշխարհից եկած անձնավորություն, շատ լավ գիտակցում եմ, թե՛ բիզնեսմենի հոգեբանությունը, թե՛ բիզնեսմենի պրոբլեմները, թե՛ նրա՝ խնդիրները լուծելու ձևերը: Եվ խնդրում եմ իմ նախկին գործընկերներից, որ իրենք էլ վերափոխվեն: Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ հասարակության մեջ արտոնյալ ընկալում ունեցող մարդիկ ձեր աչքի առաջ վերափոխվելու են: Այդ մարդիկ գործելու են սպիտակ դաշտում: Դա հավաստիացնում եմ միանշանակորեն»:

Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավոր Սամվել Ալեքսանայանն ուղեկցում նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներին տարաբնույթ միջոցառումների ժամանակ: Թեև Ալեքսանյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, սակայն նա գրեթե միշտ մասնակցում է իշխող կուսակցության խորհրդի նիստերին:

Բացառություն չէր նաև վերջին նիստը, որի ժամանակ քննարկվում էր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում ստեղծված իրավիճակը:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել, թե «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը որքան մոտ է կանգնած երկրի բարձրագույն իշխանությանը: 2014 թվականի հոկտեմբերին մամուլը հեղեղված էր լուսանկարներով, որոնք պատկերում էին, թե նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ինչպես են մասնակցել Բեգլարյանի որդու հարսանյաց հանդեսին:

Ինչպես վերաբերում է «Քեթրին գրուպին», ապա բազմաթիվ են նաև հրապարակումները, որ մրգի ու մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է այդ ընկերության հիմնադիր, ԴԱՀԿ նախկին ղեկավար և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագան Խաչատրյանի խոսքով, Հայաստանում այլևս այնպիսի մի իրավիճակ է, որ իշխանությունների վարած քաղականության՝ ներառյալ տնտեսական քաղաքականության հետևանքները սկսել են զգալ նաև օլիգարխները, որոնց բիզնեսը կա՛մ կրճատվում է, կա՛մ նրանք ստիպված թաքցնում են իրենց եկամուտը․ - «Սա հետևանք է տնտեսական այն իրավիճակի, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում՝ կրճատված համախառն ներքին արդյունք, կամ 0.5 տնտեսական աճ ապահոված ներքին արդյունք, հարկերի թերհավաքագրում, աշխատավարձի, կենսաթոշակների չբարձրացում, գործազրկության 18 տոկոս աճ, արտագաղթի բալանս՝ մինուս 48 հազար․․․ Այդ ամեն ինչը դրա հետևանք է: Երբ որ ժամանակին խոսվում էր այն մասին, որ այս մոդելը տնտեսական չի աշխատելու, և տնտեսության այս կառուցվածքը ի վերջո բերելու է նրան, որ պետությունը ի վիճակի չի լինելու կատարել իր պարտականությունները: Նկատի ունեմ հարկային պարտակությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG