Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնորդները Մալթայում քննարկում են ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մալթայի գագաթնաժողովի շրջանակներում ճեպազրույց է տալիս, 3-ը փետրվարի, 2017 թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մալթայի գագաթնաժողովի շրջանակներում ճեպազրույց է տալիս, 3-ը փետրվարի, 2017 թ․

Մալթայի գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից է նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդրում միասնական դիրքորոշման ձևավորումը:

Մալթայում մեկնարկել է Եվրամիության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Սա ԵՄ առաջնորդների առաջին հանդիպումն է ԱՄՆ-ի նախագահի ու վարչակազմի փոփոխություից հետո:

Մալթա ժամանած եվրոպական առաջնորդներին հետաքրքրող հիմնական հարցերից մեկը վերաբերել է ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններին, որը քննարկվում է Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների լույսի ներքո: Թրամփը, հիշեցնենք, հարցականի տակ էր դրել Եվրամիության արդյունավետությունը և աջակցություն էր հայտնել Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշմանը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ համագործակցություն և բարեկամություն է փնտրում: Նրա գնահատմամբ, բարեկամների միջև դիրքորոշումների տարբերությունը նորմալ է: Մոգերինի խոսքով, Եվրամիությունը կա և մնում է ամերիկյան ժողովրդի ու իշխանությունների բարեկամը, և այդ բարեկամությունը հիմնված է ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է՝ «Ես արդեն ասել եմ, որ Եվրոպայի ճակատագիրն իր սեփական ձեռքերում է: Կարծում եմ՝ որքան հստակորեն որոշակիացնենք մեր դերակատարությունն աշխարհում, այնքան ավելի լավ կվարենք մեր տրանսատլանտյան հարաբերությունները: Ինձ համար առաջին պլանում Եվրոպայի մասին քննարկումներն են, այլ ոչ թե աշխարհի այլ մասերին վերաբերող քննարկումները»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարծիքով էլ, կարևորը համերաշխությունն է Եվրամիության ներսում: Նա ասել է, թե առանց ընդհանուր դիրքորոշման Թրամփի հետ ապագա ունենալ հնարավոր չէ: Եվրահանձանաժովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին լրագրողները հարց են ուղղել՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփի հայտարարություններից սպառնալիքներ է զգում: «Ոչ, ես սպառնալիքներ չեմ զգում: Բայց կարծում եմ, որ պարզաբանումների կարիք կա: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը Եվրամիության մասին մանրամասն պատկերացում չունի»,- պատասխանել է Յունկերը:

Ըստ «Ռոյթերզ»-ի, Մալթայի գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից է նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդրում միասնական դիրքորոշման ձևավորումը: Օրակարգային են նաև միգրանտների հետ կապված խնդիրները, մասնավորապես, հարցը, թե ինչպես կրճատել Լիբիայից Միջերկրական ծովով դեպի Եվրոպա միգրանտների հոսքը:

Մալթայում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ նա իր եվրոպացի 27 գործընկերներին փորձելու է հավաստիացնել՝ չնայած Մեծ Բրիտանիան հաջորդ ամսվանից սկսելու է Եվրամիությունից դուրս գալու բանակցությունները, այնուամենայնիվ, Լոնդոնի և Բրյուսելի համագործակցությունը շարունակվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG