Մատչելիության հղումներ

Հացադուլն ու ջրադուլը դադարեցրած Պողոսյանի փաստաբանները դիմելու են Եվրադատարան


Ներսես Պողոսյանն իր ընտանիքի հետ, արխիվ

«Հացադուլն ու ջրադուլը չօգնեցին վերականգնել արդարությունը և բողոքի հասցեատերերն անտարբեր եղան այս ամբողջ ընթացքում»,- ասում է Ներսես Պողոսյանի փաստաբանը:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված և արդեն կես տարի Նուբարաշենի բանտում գտնվող Ներսես Պողոսյանն այսօր դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Վաղ առավոտյան, քրեակատարողական հիմնարկ այցից հետո, նրա պաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ երկար բանակցություններից հետո իրենց վերջապես հաջողվեց համոզել Ներսեսին՝ հետ կանգել պայքարի այդ ծայրահեղ տարբերակից:

«Խոսել ենք, համոզել ենք, որ դուրս գա հացադուլից, որովհետև դա իր առողջությանը, կյանքին արդեն վտանգ էր սպառնում: Համաձայնվեց դադարեցնել, որովհետև մենք դեռ պայքար ունենք»,- ասաց փաստաբան Կարապետյանցը:

Ներսես Պողոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր երեկ, ինչի մասին ուշ երեկոյան «Ազատությանը» տեղեկացրել էր նրա մյուս պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նինա Կարապետյանցն այսօր էլ իր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատում, շեշտելով, որ հացադուլն ու ջրադուլը չօգնեցին վերականգնել արդարությունը և բողոքի հասցեատերերն անտարբեր եղան այս ամբողջ ընթացքում: «Ում որ ուղղված էր, իսկապես նրանց վրա որևէ ազդեցություն չի թողնում, դա արդեն հենց իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ խոշտանգում էր․․․»:

Հացադուլն ու ջրադուլը դադարեցնելու մասին դիմումը Ներսեսն արդեն ներկայացրել է: Փաստաբանի խոսքով՝ առաջիկա օրերին իրենք բողոք են ներկայացնելու Եվրոպական դատարան: Ներպետական ատյանների հետ այլև հույս չկապելով, նրանք մտադիր են արդարության հասնել Ստրասբուրգում և ապացուցել, որ Պողոսյանի կալանքի երկարաձգումն անհիմն է:

«Կալանավորման հարցը շատ լուրջ է դրված Եվրոպական դատարանի որոշումներում, շատ լուրջ պահանջներ կան, կապված հատկապես կալանքի երկարացման հետ, նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահից սկսած ողջ ընթացքը և շարունակությունը․․․ եղել են շատ լուրջ, շատ կոպիտ խախտումներ այս ամբողջ ընթացքում: Ես վստահ եմ, որ գործը Եվրադատարանում հայտնվելուն պես պետք է արձագանք ստանա»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Կալանքի երկարաձգման մասին դատարանի վերջին որոշումը Նինա Կարապետյանցն ընդհանրապես նախադեպային անհեթեթություն է որակում: Հունվարի 27-ին դատավոր Զարուհի Նախշքարյանը, մինչև խորհրդակցական սենյակ մտնելն ու որոշում կայացնելը, առաջարկել էր Պողոսյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Փաստաբանը շեշտում է՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրան անազատության մեջ պահելը քաղաքական պատվեր է:

«Մինչև խորհրդակցական սենյակից վերադառնալը նման արտահայտություն անելը նշանակում է, որ դու արդեն իսկ որոշում կայացրած եկել ես նիստի: Դու չես գնում խորհրդակցական սենյակ, դատավորը չի գնում խորհրդակցական սենյակ՝ բացելու, ուսումնասիրելու պաշտպանների կողմից ներկայացված փաստաթղթերը, հիմնավորումները: Այսինքն՝ դու ի սկզբանե ունես կայացրած որոշում: Եվ ես համոզված եմ, որ էս խմբի, թե՛ Ժիրայր Սեֆիլյանի և ուրիշների գործով, թե «Սասնա ծռերի» գործով, սա միանշանակ է՝ ի սկզբանե կա արդեն պատրաստի որոշում և և սա զուտ ձևական, ֆորմալ կողմն է, որ ուղղակի պահպանվում է»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Ներսես Պողոսյանին այսօր այցելել են նաև ՄԻՊ ներկայացուցիչները: Ըստ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Պողոսյանը մեկուսի պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում: Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ նրան զննել են բժիշկները և տվել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Պողոսյանին առայժմ բժշկական սպասարկման բաժնում պահելու համար պաշտպանները մտադիր են դիմել քրեակատարողական հիմնարկին: Կարապետյանցը վստահ է, որ ընդհանուր խուց տեղափոխելը բացասաբար կազդի Պողոսյանի առողջական վիճակի վրա:

«Ազատության» հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ առաջիկա օրերին Ներսես Պողոսյանը դեռ կմնա բուժմասում, հսկողության տակ, իսկ առանձին խուց տեղափոխելու հարցը կորոշեն բժիշկները՝ ըստ նպատակահարմարության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG