Մատչելիության հղումներ

Ճապոնիայի ԱԳՆ-ում կքննարկեն Հայաստանում ներդրումների հնարավորությունները


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի համայնապատկեր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի համայնապատկեր

Այսօր Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ճապոնական կողմից՝ ԱԳՆ Միջին Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Տոշիհիրա Աիկին։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ կարևորվել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Միջին Արևելքում, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և դրանց հանգուցալուծման, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:

Հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրել է կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և Հայաստանում ներդրումներ կատարելու շահավետությունը: Ճապոնական կողմն, իր հերթին, խոստացել է քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Կողմերը գոհունակություն են հայտնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ այդ համատեքստում քննարկելով նաև հեռանկարային այլ նախաձեռնություններ: Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայկական կողմը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները և գոհունակություն հայտնել այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:

Քննարկվել են մշակութային և կրթական ծրագրերի ընդլայնման և խթանման հետ կապված հարցեր:

Կողմերը երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում բարձր գնահատել հունվարի 29-ից փետրվարի 3-ը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության Ճապոնիա կատարած այցի արդյունքները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG