Մատչելիության հղումներ

«Լևադա». Ըստ ռուսաստանցիների 53 տոկոսի, Ուկրաինան արտասահմանյան երկիր չէ


Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, ռուսաստանցիների 53 տոկոսի կարծիքով՝ Ուկրաինան արտասահմանյան երկիր չէ, 42 տոկոսի համար Ուկրաինան այնուամենայնիվ արտասահմանյան երկիր է։

Նշենք, որ ավելի վաղ՝ անցած աշնանն անցկացված հարցումներով, ավելի շատ ռուսաստանցիներ էին պնդել, որ Ուկրաինան արտերկիր չէ:

Բելառուսի պարագայում ընդամեն 33 տոկոսն է Բելառուսը համարում արտասահմանյան երկիր, 61 տոկոսի կարծիքով՝ Բելառուսը արտերկիր չէ:

Նույն հարցը Վրաստանի մասին: Այստեղ մի փոքր ավելին է Վրաստանն արտերկիր համարող, արտերկիր ճանաչող ռուսաստանցիների թիվը, բայց տարբերությունը չնչին է. հարցվածների 48 տոկոսը Վրաստանը արտերկիր է համարել, 44 տոկոսը՝ ոչ:

«Լևադա»-ի հարցին՝ արդյո՞ք համաձայն են, թե՝ ոչ այն կարծիքին, որ Ռուսաստանը ցանկացած միջոցով, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով, պետք է իր վերահսկողության տակ պահի նախկին Միության հանրապետություններին, հարցվածների 9 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ համաձայն է, 6 տոկոսն ասել է, որ լիովին համաձայն է:

Այսինքն, ստացվում է, որ նման կարծիք կիսողները միասին՝ 25 տոկոսը կամ չորսից մեկը համաձայն է, որ Ռուսաստանը ցանկացած միջոցներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով, պետք է իր վերահսկողության տակ պահի երկրների, որոնք արդեն 25 տարի անկախ պետություններ են:

Այս կարծիքին ավելի շուտ համաձայն չէ 36 տոկոսը, լիովին համաձայն չէ 29 տոկոսը։ Միասին 65 տոկոսն այնուամենայնիվ գտնում է, որ Ռուսաստանը նախկին Միության հանրապետություններին ցանկացած միջոցներով ու նաև ուժով իր վերահսկողության տակ չպետք է պահի:

XS
SM
MD
LG