Մատչելիության հղումներ

«Արցախի հոգևոր գանձերը» նկարազարդ գիրք-ալբոմի հեղինակները հիասթափված են


Նախագծի հեղինակները մամուլի ասուլիում: 2-ը փետրվարի, 2017 թ. (Լուսնկարը «Առավոտ» օրաթերթի):
Նախագծի հեղինակները մամուլի ասուլիում: 2-ը փետրվարի, 2017 թ. (Լուսնկարը «Առավոտ» օրաթերթի):

Ռուս անվանի գրող, կինոսցենարիստ Կիմ Բակշին Հայաստանի ու հայ մշակույթի հետ սերտ առնչությունների մեջ է ավելի քան հիսունհինգ տարի: Այդ ընթացքում նա մեկ տասնյակից ավելի գրքեր է հեղինակել, հինգ տասնյակից ավելի ֆիլմերի է ստեղծել հայ մշակույթի ու արվեստի մասին, այդ թվում քսան մասանոց «Մատենադարան» վավերագրական կինոնկարը, որը ժամանակին արժանացել է բազմաթիվ հեղինավոր մրցանակների:

Շուրջ տասը տարի առաջ Արցախի իշխանությունների առաջարկով Բակշին գրել է «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը, որը Սերգեյ Սարկիսովի հովանավորությամբ լույս է տեսել Մոսկվայում: Ավելի ուշ, մոսկվաբնակ Սուրեն Սարգսյանի հովանավորությամբ, հրատարակվել է նաև գրքի հայերեն թարգմանությունը` Ջուլիետա Ղազարյանի թարգմանությամբ:

Ղազարյանի առաջարկությամբ և ջանքերով, հայերեն հրատարակությունը ընդլայնվել ու լրացվել է աշխարհով մեկ սփռված Արցախի հոգևոր գանձերի լուսանկարներով:

1500 տպաքանակով լույս տեսած այս հրատարակությունը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսին ցավով նշեցին նախագծի հեղինակ Սուրեն Սարգսյանը, լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը և թարգմանիչ Ջուլիետա Ղազարյանը, տարածման առումով մատնվել է անտարբերության:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ դիմել են ամենատարբեր պետական մարմիններին` գրքի տարածմանն աջակցելու ակնկալիքով: Պատասխաններ ստացել են ՀՀ նախագահի աշխատակազմից, Մշակույթի, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման նախարարություններից, որոնց համատեղ ջանքերով գնվել է գրքի 300 օրինակ: Սակայն չսպառված է մնացել շուրջ 600 օրինակ:

Սարգսյանի փոխանցմամբ, իրենց համար ամենազարմանալին ու վիրավորականն այն էր, որ գիրքը գնելու իրենց առաջարկը անարձագանք են թողել ՀՀ արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն ասաց. - «Հիմա հայերեն գիրքը մնացել ա մեր ձեռքը: Հարցը էդ 600-700 հատ գրքի մասին չի: Արտասահմանցիները որ տեսնում են, ասում են` վայ, սա մեզ շատ պետք ա, որտեղի՞ց կարելի ա գնել... Մեզ անհրաժեշտ ա մեր պայքարի համար անգլերենը»:

Նշենք, որ «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը վաճառվում է տասնհինգ հազար դրամով: Եվ ողջ տպաքանակի վաճառքը հնարավորություն կտա իրականացնել գրքի անգլերեն թարգմանության հրատարակումը:

«Այս գիրքը ուղղակի անհրաժեշտ է, որ այսօր ունենան բոլորը, որովհետև բարձրացնել այդ հարցը, թե որքան Արցախի ստեղծած արժեքներ են գտնվում համաշխարհային թանգարաններում, և մարդիկ կարող են ծանոթանալ այդ բոլորին... Ու գիրքը մնում է անտեսված: Ուղղակի ցավ է», - նշեց Ջուլիետա Ղազարյանը:

Ելնելով 85-ամյա Կիմ Բակշիի նկատմամբ հարգանքից ու Արցախի հարցում այս գրքի կարևորությունից` նախագծի աշխատակազմը որոշել է դիմել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG