Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի խոսքով, «դա քաղաքական նոր մշակույթ է» ու կայացման համար «դեռ ժամանակ է պետք»:

«Աժ մոնիտորինգ» ծրագրի դիտարկմամբ`գործունեության չորս տարիների ընթացքում խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չկայացավ, իսկ այն պատգամավորները, որոնք խախտեցին էթիկայի կանոնները, շարունակեցին դրսևորել նույն վարքագիծը։ Ծրագրի ղեկավար Լուսին Վասիլյանի խոսքով, նստաշրջանից նստաշրջան հանձնաժողով ներկայացվող դիմումների քանակը նվազել է, ինչը խոսում է այն մասին, որ այդ հանձնաժողովից ակնկալիքները մեծ չեն եղել։

«Ըստ էության, հանձնաժողովը դարձել է անարդյունավետ գործիք: Գործիք, որին չեն հավատում ո՛չ պատգամավորները, ո՛չ քաղաքացիական հասարակությունը: Եվ որ լուրջ չեն վերաբերվում, դա ամենատխուր միտումն է»,- ասում է Վասիլյանը:

Խորհրդարանի հինգերորդ գումարման հետ իր գործունեությունը սկսած էթիկայի հանձնաժողովն այս տարիների ընթացքում դռնփակ նիստում 7 անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել։ Որոշումներից երեքը վերաբերել են պատգամավոր Առաքել Մովսիսյանին, երկուսը՝ Մհեր Սեդրակյանին, մեկն էլ՝ Սամվել Ալեքսանյանին։ Նրանք լրագորղների հասցեին անհարգալից խոսքեր էին հնչեցրել:

Մի որոշմամբ էլ էթիկայի խախտում է արձանագրվել, երբ ուրիշի փոխարեն քվեարկել են հանրապետական և ԲՀԿ-ական պատգամավորներ: Հանձնաժողովը թեև դիմումներ ստացել է նաև այն մասին, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելով՝ պատգամավորներն օրենք են խախտում, սակայն, այդ առնչությամբ որոշումներ չի կայացրել։ Հերմինե Նաղդալյանի մասին դիմումը վարույթ չի ընդունվել, Միքայել Մելքումյանին վերաբերողն էլ՝ կարճվել է։

«Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե էթիկայի հանձնաժողովը չի կայացել ու հույս էլ չկա, թե կկայանա։ «Սա քաղաքական նոր մշակույթ է ու դեռ ժամանակ է պետք»,- ասում է նա և հավելում՝

«Նոր ինստիտուտ է, որը, եթե կուզեք, նաև հանրային հոգածության կարիք ուներ, աջակցության կարիք ուներ: Ես ընդամենը մեկ նստաշրջանում եղա այդ հանձնաժողովի նախագահը: Թույլ տվեք նկատել, ես ինձ վրա նկատել եմ շատ ուժեղ ճնշում: Ընդ որում՝ անառողջ ճնշում: Ոմանք փորձում էին, որպես հանձնաժողովի նախագահ, ինձ վրա ճնշում գործադրելով, որոշումներ ուղորդել, առանց փորձելու հասկանալ, որ մեր խնդիրը բոլորովին այլ է: Ճնշում գործադրողն էլ լրատվամիջոցներն էին: Այդ մասին արտահայտվել եմ նաև իմ շփումների ժամանակ»,- ասաց Խոսրավ Հարությունյանը:

Լուսինե Վասիլյանը, մինչդեռ, պնդում է՝ այդ ինստիտուտը կայացնելու քաղաքական կամք չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG