Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քվեարկեց Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման օգտին


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․
Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Եվրոպական խորհրդարանը այսօր քվեների 553 կողմ, 66 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին երկար սպասված որոշումը: Այսպիսով, կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստանում առանց մուտքի վիզաների 90 օրով մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտում գտնվող 26 եվրոպական պետություններ:

Քվեարկությունից առաջ, սակայն, դիմելով խորհրդարանականներին՝ Եվրամիության միգրացիայի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ Վրաստան-Եվրամիություն ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին որոշումը ուղղակիորեն շաղկապված է եվրոպական պետությունների կողմից մշակված հատուկ մեխանիզմի հետ: Դրա համաձայն՝ ազատ վիզային ռեժիմի շարունակական խախտումների դեպքում այն կարող է միակողմանիորեն սառեցվել Բրյուսելի կողմից:

«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի «սառեցման մեխանիզմի» հետ միաժամանակ՝ չնայած այն իրողությանը, որ դրանք երկու միմյանցից տարանջատված խնդիրներ են: Սառեցման մեխանիզմը վերաբերում է Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող բոլոր պետություններին, այլ ոչ միայն Վրաստանին: Այդ մեխանիզմի գոյությունը, մի կողմից, հնարավորություն կտա է՛լ ավելի ամրապնդել Եվրամիության անվտանգությունը, մյուս կողմից էլ` հավելյալ խթան կհանդիսանա վիզային ազատականացման քաղաքականության հետագա խորացման համար», - հայտարարում էր Եվրամիության հանձնակատարը:

Եվրոպական աղբյուրների տեղեկություններով՝ «սառեցման մեխանիզմը» ուժի մեջ կմտնի արդեն մարտին, ինչից հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մուտք գործել Եվրամիության տարածք:

Քվեարկությանը նախորդած դեբատների ընթացքում Եվրոպական խորհրդարանի անդամների մի զգալի մասը խստորեն քննադատում էր «սառեցման մեխանիզմի» ստեղծումը: Այս առումով առավել խոսուն էր լատվիացի սոցիալ-դեմոկրատ Անդրեյ Մամիկինսի ելույթը:

«Ես կուզեի մեկ-երկու խոսք ասել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման այս ողջ գործընթացի մասին: Այդ ամենը շատ տգեղ էր: Վրաստանին և Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ շնորհելը սառեցման մեխանիզմի հետ փոխկապակցելը, իմ կարծիքով, սխալ գաղափար էր: Որպես հետևանք՝ մենք ժամկետների անսպասելի հետաձգումների ականատեսը դարձանք, և որևէ մեկն այսօր էլ չի կարող հստակորեն ասել, թե երբ է այս ողջ գործընթացը ավարտվելու: Եվրամիության անդամ որոշ պետությունների ղեկավարներ հրապարակայնորեն հայտարարում էին, թե ուրախ են տեսնել արևելաեվրոպական այս պետությունների եվրոպական ձգտումները: Փակ դռների ետևում, մինչդեռ, այդ նույն գործիչները արգելակում էին գործընթացը և սկսում էին շանտաժի ենթարկել Եվրամիության անդամներին», - հայտարարում էր լատվիացի պատգամավորը:

Եվրախորհրդարանում, այդուհանդերձ, այսօր ոչ բոլորն էին ոգևորված Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարից: Այս առումով աչքի ընկավ հատկապես բրիտանացի պատգամավոր, Brexit-ի կողմնակից, Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության անդամ Ջերարդ Բաթենը: Նա հարցը դիտարկում էր Եվրամիության ճգնաժամի համատեքստում:

«Վիզային ազատականացման քաղաքականության միջոցով դուք ավելի եք բարդացնում Եվրամիության վիճակը: Մարդիկ կարող են մուտք գործել Եվրամիության տարածք, այստեղ մնալ թույլատրված 90 օրից ավելի: Բայց քանի որ այդ մարդիկ արդեն իսկ Շենգենյան գոտում են, նրանք հետագայում կարող են ազատորեն տեղաշարժվել այդ տարածքում», - հայտարարում էր Բաթենը՝ հավելելով․ - «Դուք կորցնում ենք Մեծ Բրիտանիան, [նման քայլերով] դուք քանդում եք ձեր իսկ ստեղծած կառույցը: Մյուս երկրները, որ կցանկանան լքել Եվրամիությունը, լինելու են Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան և մյուսները»:

Վրաստանի իշխանությունների արձագանքը Եվրախորհրդարանի այսօրվա որոշմանը սպասելի էր: «Սա կարևոր էր քայլ էր Եվրամիության ուղղությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Սա հիրավի պատմական օր է»,- սա էլ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գրառումն է: Իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն, Եվրախորհրդարանում կայացած քվեարկության արդյունքների հրապարակումից հաշված րոպեներ անց, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ:

«Այսօր մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք, թե ինչ աջակցություն է վայելում Վրաստանը Եվրամիությունում, եվրոպական կուսակցությունների շրջանում, թե ինչ բարձր է գնահատվում Վրաստանի կառավարության կատարած աշխատանքը, այն բարեփոխումները, որոնք իրականացվում են վիզային ազատականացման և եվրոպական ինտեգրմանն ուղղված քաղաքականության շրջանակում»,- հայտարարել է Ջանելիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG