Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը


Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Այսօր կառավարությունը բավարարեց Արարատի արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումը և այդ պաշտոնում նշանակեց 2013-2014 թվականներին մարզպետ աշխատած Արամայիս Գրիգորյանին, ով նույն մարզի Ավշար գյուղից է։

Լրագրողների հետ ճեպազրույցում Արարատի նորանշանակ ղեկավար Գրիգորյանն ասաց, որ մարզպետ նշանակվելու մասին միայն այսօր առավոտյան է տեղեկացել և ընդունել է առաջարկը. - «Տեղյակ չէի: Կանչել են ինձ և ներկայացրել են, որ այսօրվանից հրամանը տրվեց, որպեսզի ես աշխատեմ մարզպետ: Ինձ հետ առավոտյան վարչապետը զրուցել է, ես համաձայնությունս տվել եմ»:

Հարցին, թե ումից է ստացել առաջարկը, Գրիգորյանը պատասխանեց. - «Ե'վ Հանրապետության նախագահից և Հանրապետության վարչապետից»:

Նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին նշանակել էր նախկին վարչապետ Հովիկ Աբարհամյանը՝ հարկ համարելով այն ժամանակ շեշտել, որ չնայած ազգանունը համընկնում է, Ռուբիկ Աբարհամյանն իր ազգականը չէ։ Այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի՝ իշխող կուսակցությունից հեռանալուց հետո անմիջապես հրաժարական և կուսակցությունը լքելու դիմում ներկայացրեց նաև մարզպետ Աբրահամյանը։

Նորանշանակ մարզպետը դեռ տեղյակ չէ` իրեն կհանձնարարե՞ն մասնակցել քարոզարշավին, թե՞ ոչ. - «Երբ որ կսկսվի քարոզչությունը, դրա մասին բնականաբար տեղեկություն կունենաք` ըստ սահմանված կարգի»:

Հարցին, թե մտահոգիչ չի համարում, որ մարզպետեր ու գյուղապետեր են հեռացվում ու նշանակվում քաղաքական սկանդալիներից` այս դեպքում Հովիկ Աբարհամյանի հեռանալուց հետո, Գրիգորյանն արձագանքեց. - «Կարծում եմ, դա իմ հարցը չի, որովհետև ես ժողովրդին ծառա եմ գնում: Ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովրդին շատ լավ եմ ճանաչում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում: Դա այնպես չի, որ էստեղ քաղաքականություն է: Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթևացնել»:

Արամայիս Գրիգորյանը վստահեցրեց, որ նախորդ մարզպետի թիմի կադրային ջարդ չի սկսի` հավելելով, որ կմնան պրոֆեսիոնալները:

Նա դժվարացավ այսօր նշել, թե որոնք կլինեն իր առաջնահերթությունները. - «Այսօր առաջին օրը ես ստանձնելու եմ պաշտոն: Որոշակի ժամանակ հետո ես, բնականաբար, կհանդիպեմ ձեզ հետ»:

«Հայաստանում ռեպրեսիաները վաղուց անցյալում են»

Հանրապետական կուսակցության խոսնակից հետաքրքրվեցինք` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերի և մտերիմների համատարած հրաժարականներից հետո արդյո՞ք հնարավոր է, որ իշխանությունները ստուգումներ սկսեն նախկին վարչապետի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում, ինչպես տեղի ունեցավ 2015-ին Գագիկ Ծառուկյանի պարագայում: Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե իրենք ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ են պայքարում. - «Ես չեմ կարող ասել, ես չեմ որոշողը: Քաղաքացի Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա ստուգում սկսելու կամ չսկսելու... Հայաստանում ռեպրեսիաները վաղուց անցյալում են: Մենք հարգում ենք Հովիկ Աբրահամյանի որոշումը, այդ էջը մենք փակել ենք: Բայց կյանքը ցույց է տվել, որ կորցնում են նրանք, ովքեր ընտնիքից առանձնանում են»:

XS
SM
MD
LG