Մատչելիության հղումներ

Սահմանային գոտի՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով

Ռուսաստանի և Բելառուսի միջև այսուհետ կգործի սահմանային գոտի։ Այս մասին երեկ հրաման է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի մարզերի վարչությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն՝ սահմանային գոտում զգուշացնող նշաններ տեղադրելու, ինչպես նաև նշեն սահմանային գոտի մուտք գործելու ժամանակն ու տեղը։

Ավելի վաղ՝ հունվարի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեղարկել է մուտքի արտոնագրերը 80 երկրների, այդ թվում՝ նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների համար։

Փորձագետներն արձանագրում են, որ ռուս-բելառուսական հերթական այս սկանդալն ավելի երկար տևեց, բայց համոզված են, որ Մինսկը կստանա իր ուզածը Մոսկվայից, Ռուսաստանն ու Բելառուսը վաղ թե ուշ կպայմանավորվեն։

Հիմնական տարաձայնությունները Եվրասիական միության անդամ երկու պետություններն ունեն տնտեսական ոլորտում՝ խոսքը նախ էներգակիրների և տարանցման գների շուրջ տարաձայնությունների մասին է:

Այսօր Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ փետրվարի առաջին կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն և կքննարկեն երկու երկրների համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։

Մոսկվան առաջարկել է հանդիպումը կազմակերպել փետրվարի 9-ին, սակայն բելառուսական կողմը չի համաձայնել։ Ռուսական մամուլն այսօր նույնիսկ գրել է, որ առաջիկայում հնարավոր է, որ Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անի։

Վաղը՝ փետրվարի 3-ին տեղի կունենա Լուկաշենկոյի մամուլի ասուլիսը, և եթե մինչ այդ Մոսկվան ու Մինսկը չպայմանավորվեն, Բելառուսի նախագահն, իր սովորության համաձայն, կոշտ հայտարարություններ կանի Մոսկվայի հասցեին։

Բելառուսը սեփական նավթ ու գազ չունի, սակայն Բելառուսի տարածքով են անցնում դեպի Եվրոպա ռուսական էներգակիրներ հասցնող խողովակների մի մասը։ Փետրվարի 1-ից Բելառուսը բարձրացրել է երկրի տարածքով անցնող ռուսական նավթի տարանցման գինը, ինչը, դիտորդների կարծիքով, Մինսկի հաղթանակն է։

Բելառուսը մինչ օրս չի վճարել գազի դիմաց պարտքը Ռուսաստանին։ Ռուսաստանն էլ, իր հերթին, զրկել է Բելառուսին նավթի մատակարարման մի մասից։ Չորեքշաբթի օրը Մինսկը բարձրացրել է նավթի տարանցման գինը շուրջ 7.7 տոկոսով։

Հերթական այս վեճը ծագել է 2016 թվականին, երբ Բելառուսը միակողմանի որոշել էր, որ 132 դոլարն արդար գին չէ ռուսական գազի համար, և վճարում էր Բելառուսի համար հարմար գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 73 դոլար։ Մոսկվան պնդում է, որ Մինսկը պարտք է մատակարարած գազի դիմաց շուրջ 55 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG