Մատչելիության հղումներ

ԹԻ․ Միհրան Պողոսյանի ընդգրկումը որևէ կուսակցության ցուցակում անթույլատրելի է


ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, արխիվ:

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, արխիվ:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) անթույլատրելի է համարում Միհրան Պողոսյանի ընդգրկումը որևէ կուսակցության ցուցակում:

Կենտրոնը կասկածներ ունի, որ նրա վերաբերյալ օֆշորային գործը կարճվեց հենց առաջադրումը չստվերելու նպատակով:

Պողոսյանը չէր բացառել, որ կընդունի իր կուսակցության՝ Հանրապետականի առաջարկը առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:

Հակակոռուպցիոն կենտրոնը հիշեցնում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը ղեկավարելու ժամանակ Պողոսյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն և այլ սկանդալներում:

Թրանսփարենսի ինթերնեշնլի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հօդս ցնդեցին պրոֆեսիոնալ խորհրդարանական համակարգի մասին խոստումները, Հանրապետական կուսակցությունը նորից չի մաքրի ցուցակը սկանադալային անուններից․ - «Բոլոր նրանք, ովքեր ժամանակին, այս կամ այն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուղղակի հեռացվեցին պաշտոններից, հիմա եկել է նրանց ռեաբիլիտացիայի ժամանակը: Կուսակցությունը կամ իշխանությունները ներում են նրանց արարքները, և նրանք վերադառնում են Ազգային ժողով՝ երևի թե հերթական անգամ իրենց բիզնեսներն ամրագրելու համար»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փորձում է պատկերավոր բացատրել․ - «Ի՞նչ տարբերություն Միհրան Պողոսյանի, Թոխմախի Մհերի, Լֆիկի, Գագիկ Ծառուկյանի կամ մնացածների միջև, Շմայսի և այլն: Ուղղակի մեկի վերաբերյալ Պանամային թղթերում ինչ-որ տվյալներ կամ փաստաթղթեր հայտնվեցին, մյուսների նկատմամբ չհայտնվեցին: Բայց նրանց վերաբերյալ ուրիշ թղթապանակներ կան»:

Իրավապաշտպանները համոզված են, որ Միհրան Պողոսյանին առնչվող գործը կոծկվել է:

Թրանսփարենսի ինթերնեշնլը հիշեցնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է ոչ թե, որ հանցանքը չի ապացուցվել, այլ ընդամենը Պանամայի և Շվեյցարիայի իրավապահներից պատասխան չի ստացվել:

Իսկ ավելի ուշ «Հետք» պարբերականը պարզեց, որ հայաստանցի իրավապահները միջնորդությունը պատշաճ չեն կազմել:

Հերիքնազ Տիգրանյանն այս առնչությամբ ասաց․ - «ՀՔԾ֊ն ըստ էության ճիշտը չի տեղեկացրել: Եվ եթե Հայաստանի իրավապահ մարմինները վերանայեին միջնորդության ձևակերպումը, կարող է ստանային որոշակի իրավական աջակցություն: Չեմ կարծում, թե պրոֆեսիոնալիզմի պակասն էր, այլ ուղղակի պետք չէր լինել ավելի հետևողական և գործը հասցնել մինչև դրա տրամաբանական ավարտին»:

Հեղինակավոր կազմակերպությունը օրինակ է բերում Տիգրան Սարգսյանի կիպրոսյան օֆշորային սկանդալի ավարտը:

Իրավապաշտպանները քաղաքական են որակում հատուկ քննչական ծառայության որոշումները:

«Դուք տեսա՞ք որևէ ջանասիրություն իրավապահ մարմինների կողմից՝ բացահայտելու, վերհանելու գործի իրական ճշմարտությունը, անգամ այն դեպքում, երբ որ Կիպրոսի դեսպանը Չեխիայում հայտարարեց Տիգրան Սարգսյանի ընկերությունների կամ բանկային փոխանցումների գոյության մասին: Որևէ գործուն քայլեր չձեռնարկվեցին: Եվ սրա եզրահանգումը մեկն է՝ ՀՔԾ-ի որոշումը ուղղակի քաղաքական որոշում էր», - ասաց Տիգրանյանը:

«Պարզապես հերթական անգամ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անպատժելությունը հիմնական, գերակա սկզբունքն է: Կարող ես ամեն ինչ անել, ՀՔԾ-ին ընդհանրապես պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներում ձեռնպահ է մնում օրենսդրական նորմերի կիրառումից: Որևէ ձգտում կամ կամք, ցանկություն օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն իրականացնելու, չկա», - նշեց Արթուր Սաքունցը:

Միհրան Պողոսյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, թե նախօրեին ասածին այլևս ավելացնելու ոչինչ չունի: ԴԱՀԿ-ի նախկին ղեկավարը թյուրիմացություն էր որակել օֆշորային սկանդալը․ - «Այդ ամենը իմ հետ կապված չի եղել: Այդ ամենը․․․ չի եղել ոչ մի հաշիվներ էդ բանկում և որևիցե բանկում: Դա փաստ է»:

Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ապրիլյան պատերազմից օրեր անց՝ պնդելով, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

XS
SM
MD
LG