Մատչելիության հղումներ

Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության փորձագետներն իրենց հերթական զեկույցում գնահատել են քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը աշխարհի 210 պետություններում և չճանաչված պետական կազմավորումներում:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ պետությունների շարքում: Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության փորձագետները ծավալուն փաստաթղթում գնահատել են քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը աշխարհի 210 պետություններում և չճանաչված պետական կազմավորումներում:

Freedom House-ը` հավատարիմ մնալով իր մեթոդաբանությանը, այս անգամ էլ դիտարկված պետություններին թվային գնահատականներ է շնորհել, որից էլ ձևավորվել է այս կամ այն երկրում առկա ազատությունների վարկանիշը: Հայաստանն, օրինակ, առավելագույն 100 միավորից ստացել է 45-ը:

Զեկույցում տեղ գտած գնահատականներից պարզ է դառնում, որ Freedom House-ի փորձագետները վստահ են`քաղաքացիական ազատությունների մակարդակը Հայաստանում ավելի բարվոք վիճակում է, քան քաղաքական իրավունքների իրացման ասպարեզում առկա կացությունը:

Freedom House-ի կողմից կիրառվող մեկ այլ մեթոդաբանության համաձայն, այս երկու ցուցանիշները գնահատվում են ըստ յոթ բալանոց սանդղակի, որտեղ 7-ը վատթարագույն, իսկ 1-ը` լավագույն գնահատականն է: Այդպիսով՝ Հայաստանում քաղաքացիական ազատությունների մակարդակը գնահատվել է 4, իսկ քաղաքական իրավունքներինը` 5 միավոր: Ի դեպ, Freedom House-ի փորձագետները նաև հիշեցնում են, որ 2016 թվականին հրապարակված գնահատականների համաձայն, Հայաստանը դասվել է ոչ ազատ մամուլ և ամբողջությամբ ազատ համացանց ունեցող պետությունների շարքին:

Երեկ հրապարակված զեկույցում Լեռնային Ղարաբաղը ևս դասվել է մասամբ ազատ կազմավորումների թվին: Այստեղ, սակայն, թե՛ քաղաքացիական ազատությունների, թե՛ քաղաքական իրավունքների մակարդակը, ըստ Freedom House-ի, ավելի ցածր է, քան Հայաստանում: Առավելագույն 100 միավորից Լեռնային Ղարաբաղը 33 միավոր է ստացել:

Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա այս տարի Freedom House-ի կողմից շնորհված 14 միավորով այդ երկիրը կրկին դասվել է անազատ պետությունների թվին: «Իլհամ Ալիևն ամրապնդեց նախագահի պաշտոնում իր ավտորիտար իշխանությունը` խստորեն վերահսկվող հանրաքվեի ընթացքում թվով 29 սահմանադրական լրացում հաստատելով»,- գրում են զեկույցի հեղինակները, հավելելով`

«Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները, ըստ ամենայնի տագնապած լինելով նավթի գնի անկումից, օգտագործեցին այս հանրաքվեներն իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում, օրինակ, Իլհամ Ալիևը, որն արդեն իսկ վերընտրվելու համար որևէ սահմանափակում չուներ, ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի ունենա ընդհուպ մինչև 2020 թվականը»:

Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը` «Մուսաֆաթ» կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է՝ «Երկրում ազատությունների սահմանափակման գործընթացն այնքան ակնհայտ է, որ միջազգային կառույցների հրապարակած զեկույցները քննարկելու իմաստ անգամ չկա: Իլհամ Ալիևի օրոք ակնհայտ երում են քաղաքական և տնտեսական ազատությունների սահմանափակման, քաղբանտարկյալների թվի աղետալի աճի միտումները»:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամները, մինչդեռ, կտրականապես համաձայն չեն Freedom House-ի զեկույցում տեղ գտած գնահատականների հետ: Պատգամավոր Էլման Նասիրովի պնդմամբ, օրինակ, կազմակերպությունը Ադրբեջանում ստեղծված կացությունը մշտապես ներկայացնում է մգեցված գույներով:

««Freedom House-ը ներկայանում է որպես անկախ կազմակերպություն, բայց անկախ չէ: Թե ու՞մ շահերին է այն ծառայում, մենք շատ լավ տեղյակ ենք: Այս կազմակերպությունը Արդբեջանում անցկացված բարեփոխումների մասին երբեք որևէ դրական գնահատական չի հնչեցրել»,- հայտարարել է Էլման Նասիրովը:

Հայաստանի մյուս հարևանը` Վրաստանը, Freedom House-ի կողմից 64 միավորով դասվել է մասամբ ազատ պետությունների թվին: Այստեղ թե՛ քաղաքական իրավունքների իրացման, թե՛ քաղաքացիական ազատությունների մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում:

Թբիլիսցի փորձագետները, սակայն, նկատում են, որ Վրաստանի ցուցանիշները մեծապես կախված են արևմտյան կառույցների` մասնավորաբար, Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարումից: Վերլուծաբան Գեորգի Գոբրոնիձեի համոզմամբ, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը հանգեցնելու է ավտորիտար միտումների հետագա ընդլայնմանը:

«Ռուսաստանը ջանքեր կգործադրի, որպեսզի Վրաստանում ժողովրդավարական գործընթացը տապալվի, քանի որ ժողովրդավարությունն, ի վերջո, դուրս է բերում վրացական պետությունը Ռուսաստանի ազդեցության շրջանակից: Եթե Արևմուտքի պետություններն ավելի քիչ ուշադրություն դարձնեն, ավելի քիչ ռեսուրսներ տրամադրեն` ապա դա կնվազեցնի Վրաստանի ժողովրդավարացման խթանը»,- նշում է թբիլիսցի փորձագետը:

Ի դեպ, Freedom House-ի գնահատմամբ, Վրաստանից անջատված Աբխազիան դասվել է մասամբ ազատ, իսկ Հարավային Օսիան՝ անազատ կազմավորումների թվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG