Մատչելիության հղումներ

Մարալիկի մարզադպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ. ՔԿ


Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը դեկտեմբերից շարունակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում։

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2013-2016 թվականներին մարզադպրոցի մի քանի մարզիչների հաստիքների վրա ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձերը յուրացվել են։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մարզադպրոցում որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ ձևակերպված է եղել նաև դպրոցի տնօրենը, ով իրականում մարզչի գործառույթներ չի իրականացրել։ Նախնական քննության տվյալներով՝ մարզադպրոցում արձանագրված չարաշահումների հետևանքով յուրացված գումարը կազմում է 4 միլիոն 665 հազար 405 դրամ», - ասված է հաղորդագրությունում: - «Որպես կասկածյալ ներգրավված մարզադպրոցի տնօրենը հարցաքննվել է և ցուցմունք տվել բացահայտված չարաշահումների վերաբերյալ։ Կասկածյալն այսօր ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. վարույթն իրականացնող մարմնին՝ Արթիկի քննչական բաժնին, ներկայացվել է պետությանը պատճառված վնասը՝ 4 միլիոն 665 հազար 405 դրամը, որը փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին»:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG