Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն պարզաբանում է զինգրքույկներում անվավեր գրությունների մասին հրապարակումները


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:

«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, զորացրված որոշ զինվորներ բողոքում են՝ նշելով, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմին, սակայն զորացրվելուց հետո զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված՝ «Անվավեր» նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG