Մատչելիության հղումներ

Ըստ Freedom House-ի զեկույցի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների թվում են


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական՝ 2017 թվականի զեկույցը՝ աշխարհի 195 երկրների քաղաքական և քաղաքացիական ազատությունների մասին:

Յուրաքանչյուր երկրի առանձին զեկույցը իրավապաշտպան միջազգային կազմակերպության կայքում այս պահին դեռ տեղադրված չէ, սակայն ընդհանուր զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքում:

Freedom House-ը աշխարհի քարտեզի վրա երկրները ներկայացնում է երեք գույնով, կանաչով նշված են ազատ երկները, դեղինով՝ մասամբ ազատները, մուգ կապույտով՝ ոչ ազատները:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ևս դեղին գույնով են ներկայացված, այսինքն՝ մասամբ ազատ են: Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը ոչ ազատ երկիր է:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նշում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը համարվում է ոչ ազատ երկիր: Freedom House-ի զեկույցում նշված է, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանում իրավիճակը միայն վատթարացել է:

Անցյալ տարի Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գնահատվել է որպես երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցանկություն՝ շարունակելու իր իշխանությունն ուժեղացնելու քայլերը, ապահովելու իր իշխանության պահպանումը, փոխանցում է «Թուրան»-ը և նշում, որ ըստ զեկույցի՝ Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան Կուբայում, Չինաստանում, Իրանում:

«Ադրբեջանի հարևան Հայաստանը և Վրաստանը դասվել են մասամբ ազատ երկրների շարքում», - համեմատում է ադրբեջանական լրատվական գործակալությունը և նշում, որ պաշտոնական Բաքուն դադարել է արձագանքել միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որտեղ Ադրբեջանը կայուն քննադատվում է:

Տարածաշրջանային երկրներից Ռուսաստանը, Իրանը նույնպես ոչ ազատ երկրների շարքում են: Թուրքիան չնայած մասամբ ազատ երկրների թվում է, սակայն աղյուսակները ցույց են տալիս, որ իրավիճակը Թուրքիայում կտրուկ վատթարացել է՝ կապված անցյալ տարվա ամռանը հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների հետ:

Freedom House-ը աշխարհի 195 երկրներից ազատ է համարել 87-ը, մասամբ ազատ՝ 59-ը, իսկ ոչ ազատ՝ 49 երկիր:

XS
SM
MD
LG