Մատչելիության հղումներ

Արևելյան Ուկրաինայում իրավիճակը կտրուկ սրվել է: Ուկրաինական բանակը հայտնում է, որ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 3 զինվոր է զոհվել, 24-ը՝ վիրավորվել:

Քաղաքացիական բնակչության տուժածների թիվը հաղորդման պահին դեռ ճշտված չէր:

Գերմանիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդհատել է այցը:

Ուկրաինայի արևելքում արդեն երեք օր է ռմբակոծվում է ուկրաինական կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող Ավդիիվկա քաղաքը: Այս քաղաքը գտնվում է Դոնեցկի անջատական մարզի հյուսիսում:

«Ռուսական օկուպացիոն զորքերը չեն դադարեցնում գրոհները, ակտիվորեն օգտագործում են հրետանի և ականանետեր», - գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ մեջբերելով ուկրաինական գործողությունների մամուլի կենտրոնի հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում նաև նշված է, որ ռուսամետ անջատականները հրաժարվել են պահպանել «լռության» ռեժիմը և չեն ցանկացել վերցնել իրենց կողմից սպանվածների մարմինները:

Ըստ ուկրաինական կողմի, այսօր ևս իրենք առաջարկել են հարգել հրադադարը, սակայն հակառակ կողմից մերժում են ստացել:

Ավդիիվկա շրջանի ղեկավար Պավլո Ժեբրիվսկին այսօր ասել է, թե պլանավորում են օրվա ընթացքում տարհանել քաղաքի ութ հազար բնակիչներին:

Ընդհատվել է քաղաքի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջեռուցումը։ Մարդիկ մնացել են առանց լույսի, ջրի ու տաքության: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Ավդիիվկայում արտակարգ իրավիճակ է, որը կարող է վերածվել հումանիտար աղետի:

Գերմանիայում գտնվող Ուկրաինայի նախագահը ընդհատել է այցը, սակայն մինչ այդ նա արդեն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ հորդորելով, որ Արևմուտքը խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Դոնեցկում ռուսամետ անջատականներն ասում են, որ ուկրաինական կողմի հրետակոծություններից վնասվել են «Զասյադկո» ածխահանքի էլեկտրամատակարարումը։ Ավելի քան 200 հանքափորեր մնացել են թակարդում: Միջոցներ են ձեռնարկվում հանքից նրանց ապահով դուրս բերելու համար:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար Կրեմլը մեղադրում է ուկրաինական կողմին: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է, թե Ռուսաստանը խորը մտահոգված է միջադեպի կապակցությամբ, ինչը նրա խոսքով, «խարխլում է Մինսկի խաղաղ համաձայնագրի իրականացման ջանքերը»:

Պեսկովն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել գրոհը կազմակերպելու մեջ, ինչը, նրա խոսքով, արվել է՝ «փորձելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»: Պեսկովն ասել է, թե ապստամբները հետ են մղել գրոհը, և ափսոսանք է հայտնել, որ երկու կողմից կան զոհեր:

Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից բռնկված զինված հակամարտության պատճառով 9 հազար 750 մարդ է զոհվել:

XS
SM
MD
LG