Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված և Նուբարաշենի բանտում արդեն կես տարի անցկացրած Ներսես Պողոսյանը շարունակում է հինգ օր առաջ հայտարարած հացադուլն և ջրադուլը:

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, թե կալանավորի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է Նուբարաշենի բուժմասում բժիշկների հսկողության տակ։

Մինչդեռ նրա փաստաբան Արայիկ Պապիկյան, ով երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, պնդում է․ - «Ինքը շատ տկար վիճակում էր, շատ գունատ: Բոլոր առողջական խնդիրները, որ նախկինում կային, պահպանվում են: Ցավալիորեն այն հանգամանքը, որ ինքը նաև բուժօգնությունից է հրաժարվել, հետևանքները շատ ծանր կլինեն: Ինքը նույնիսկ անկեղծորեն խոստովանեց, որ երեսնօրյա հացադուլը այնքան ծանր չէր իր համար, որքան միքանիօրյա ջրադուլը»:

Ներսես Պողոսյանը մեկ ամիս տևած հացադուլը դադարեցրել էր 17 օր առաջ։ Անցած ուրբաթ, երբ դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշեց ևս երկու ամսով երկարացնել նրա կյալանքը, հենց դատարանում Պողոսյանը հայտարարեց հացադուլի և ջրադուլի մասին։

Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե դատավորը կայացրել է ապօրինի որոշում, երբ նշել է, թե ազատության մեջ գտնվելով կալանավորը կխոչընդոտի նախաքննությանը։ Մինչդեռ նախաքննությունն ավարտվել է դեռ երկու ամիս առաջ, և, ինչպես Պապիկյանն է նշում, անգամ քննիչն իր միջնորդության մեջ նման արտահայտություն չի արել․ - «Տպավորություն է, որ նույնիսկ հետամուտ չի եղել, չի էլ ուսումնասիրել, թե ինչ միջնորդություն է ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ»:

Երկրորդ պատճառաբանությունը, ըստ փաստաբանի, այն է, որ դատավորը հայտարարեց, թե այս գործով մի մեղադրյալ կա, որը հետախուզվում է, և Ներսես Պողոսյանը հնարավոր է ազդի նրա վրա։ Պապիկյանը պնդում է, թե նման մեղադրյալ Սեֆիլյանի գործով չկա․ - «Հատուկ քննչական ծառայությունում մի շատ մեծ ընդհանուր գործից, որտեղ կան շուրջ վաթսուներկու մեղադրյալներ, յոթ անձանց մասով առանձնացրել են և գործը պատրաստվում են հանձնել դատարանի քննության: Այսինքն, եթե կան այլ անձինք, ովքեր հետախուզման մեջ են, կամ նրանց նկատմամբ կա քրեական հետապնդում, նրանք ուղղակիորեն որևէ առնչություն չունեն այս գործին: Այստեղ հստակ է»:

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Պաշտպան Արայիկ Պապիկյանի պնդմամբ՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը նաև մեկ այլ ապօրինություն է թույլ տվել․ վատառողջ կալանավորին առաջարկել է հետ գնալ բանտ, իսկ որոշումն ուղարկել պաշտպանի միջոցով․ - «Այդեն իսկ պարզ էր, որ խորհրդակցական սենյակ գնալը դատավորը կանխակալ իր կարծիքը հայտնեց»:

Բողոքի այս ակցիաների միջոցով Պողոսյանը պահանջում է ազատել իրեն կալանքից՝ կնոջն ու անչափահաս երեխաների հոգսերը հոգալու համար։

Լիա Պողոսյանն ասում է՝ դատարանում կարողացել է ընդամենը մի քանի վայրկյանով տեսնել ամուսնուն․ - «Դատարանում որ տեսանք, ահավոր էր վիճակը իրա՝ հյուծված, ոտքերը հազիվ էր տեղաշարժում: Չի թողնում գնանք էնտեղ, որ իրեն հանկարծ չտեսնենք»:

Լիա Պողոսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ։ Պաշտոնյան խոստացել է հնարավորության դեպքում վերանայել գործը։

Պողոսյանի կնոջ ու փաստաբանի փոխանցմամբ, դատարանում Ներսես Պողոսյանը հայտարարել է, որ քննիչներից մեկը սպառնացել է իրեն փտեցնել բանտում։ Ընտանիքի համար այժմ ամենակարևորը նրա առողջությունն է, կինը նամակ է գրել ամուսնուն՝ խնդրելով դադարեցնել հացադուլն ու ջրադուլը։

«Ինձ թվում է, արդեն իրա նկատմամբ անձնական թշնամանք կա: Ոչ թե արդեն, այլ ի սկզբանե է եղել, որովհետև, եղանակային պայմաններից ելնելով, մեզ թողեցին դատարանի ֆոյեում սպասել, ու ես դրսից լսում էի դատական նիստի ընթացքը: Դատարանում ինքը հայտարարեց, ր քննիչ Մակինյանը՝ այն ժամանակվա քննչական խմբի ղեկավարը, իրեն ասել է, որ քսանհինգ տարի պետք է պտեցնի բանտում, իրա բառերն եմ ուղղակի ցիտում»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG