Մատչելիության հղումներ

20 օրից Լեռնային Ղարաբաղում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ընդդիմադիրները հայտարարում են, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են արգելափակել դեմ արտահայտվողների քարոզարշավը:

Ի տարբերություն Հայաստանի, Արցախի հանրային հեռուստաընկերությունը անվճար եթեր չի տրամադրում «ոչ»-ի կամ «այո»-ի կողմնակիցներին:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը, սակայն, նկատում է, որ լրատվական հաղորդումներում իշխանության ներկայացուցիչների բացահայտ քարոզ է ընթանում․ - «Այս ընթացքում ներկայացվել է միայն [մեկ] կողմի հանդիպումները՝ վարչապետը այսպես քարոզեց, Ազգային ժողովի նախագահը այնպես քարոզեց․․․ Եվ միայն կիրակնօրյա հաղորդմամբ փորձեցին ներկայացնել մեր և Դաշնակցության տեսակետները նույնպես: Եվ մեր տեսակետը այնպես էր աղճատված և մոնտաժ արված, որ բարոյականության որևէ սահմաններում չի տեղավորվում»:

Առաջարկվող փոփոխությունների բովանդակությանը, Խանումյանի համոզմամբ, հանրության մեծ մասը ծանոթ չէ, ինչը, ըստ պատգամավորի, ձեռնտու է իշխանություններին։ Նրա պնդմամբ՝ քիչ թե շատ տեղեկացված քաղաքացիները միանշանակ դեմ են արտահայտվում մայր օրենքի փոփոխությանը․ - «Հստակ խնդիր է դրվել տեղեկատվական բլոկադայի մեջ պահել բնակչությանը, օգտագործել հանրաքվեի օրը վարչական ռեսուրսն ամբողջությամբ՝ իրենց ցանկալի արդյունքը ունենալու համար»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, մինչդեռ, պնդում է, թե Խանումյանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում։ Բաբայանը վստահեցնում է, որ իշխանության գործողությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ փետրվարի 20-ին կազմակերպել ժողովրդավարական հանրաքվե․ - «Քարոզը ազատ է: Բոլորը քարոզում են: Քարոզարշավը ինչ-որ ձևով խոչընդոտելու որևէ որոշում չկա և չի էլ կարող լինել: Միշտ էլ Արցախը աչքի է ընկել բաց, թափանցիկ ընտրություններով, և այս հանրաքվեն նույնպես չի լինելու բացառություն»:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը վաղվանից Ղարաբաղում սկսելու է «դեմ»-ի քարոզչությունը։ Խանումյանը չի կարծում, թե փոփոխությանն ընդդիմացողները «ոչ»-ի միասնական շտաբ կձևավորեն։

Սահմանադրական փոփոխությունների նախագծին ԼՂ ԱԺ-ում դեմ է քվեարկել նաև Դաշնակցությունը։ Խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով, «ոչ»-ի պայքարում, «Ազգային վերածնունդ» կուսակցությանը չեն միանա։

Դաշնակցությունը, Իշխանյանի փոխանցմամբ, դեմ է միայն նախագծով առաջարկվող կառավարման նախագահական մոդելին և «ոչ»-ի իր քարոզը ծավալելու է այս գաղափարի շուրջ. - «Չնայած երկու քաղաքական ուժեր դեմ են քվեարկել նախագծին, բայց նույնականացնելու որևէ հիմքեր, եզրեր չունենք՝ նկատի առնելով, որ Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդը» ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների գործընթացին թե՛ դեմ էր և թե՛ նաև իր մեկնաբանությունները այլ բնույթ ունեին»:

Ի տարբերություն «Ազգային վերածնունդ» կուսակցության, Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող Դաշնակցությունը ղարաբաղյան լրատվամիջոցներում ակնհայտ կողմնակալություն դեռ չի նկատել․ - «Գոնե թե՛ խորհրդարանի քննարկումների, թե՛ հանրաքվեի նախապատրաստական և քարոզարշավի ժամանակահատվածում հանրային հեռուստատեսության կողմից տրված մի քանի հաղորդումների հետևելով ուղղակիորեն չի էլ մնա այդ պատկերացումը, որ կան սահմանափակումներ»:

Հայկ Խանումյանը շարունակում է պնդել, թե հանրաքվեի դրվող փաստաթուղթը միայն մեկ նպատակ ունի՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրությունը:

Սահակյանի երկրորդ պաշտոնավարումն ավարտվելու է մի քանի ամսից: Ըստ գործող Սահմանադրության, նա չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Իսկ առաջարկվող նախագիծը ենթադրում է, որ գործող խորհրդարանը այս տարի կընտրի նոր նախագահին, որը կշարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականը: Ընդդիմադիր պատգամավորը կասկած չունի, որ երկրի ղեկը նորից՝ փաստացի երրորդ անգամ կստանձնի Բակո Սահակյանը, ով, ի դեպ, նոր սահմանադրության դեպքում 2020 թվականին կրկին կարող է վերընտրվել։

XS
SM
MD
LG