Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հանդիպումից: Բացի այդ, Մամեդյարովի փոխանցմամբ, Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Մոսկվայի առաջարկը, սակայն այն, ցավոք, չի կայացել։ Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Ազատության» հարցին պատասխանելիս հայտարարել է, որ նման հանդիպման մասին չի լսել։

«Մոտակա ժամանակը այլ հանդիպման մասին ես չգիտեմ, բացի այն հանդիպումը, որ առաջարկվել էր եռանախագահների կողմից Մյունխենի անվտանգության խորհրդի նախաշեմին», - նշել է նա:

Հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն փետրվարի 17-ից 19-ը Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում: Համենայնդեպս, այսօր Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկն ընդունել է, սակայն, Նալբանդյանի փոխանցմամբ, թե ինչ կլինի և ինչ պահվածք կցուցաբերի Բաքուն՝ հայտնի չէ: Մամեդյարովն իր հերթին այսօր հայտարարել է, որ այդ համաժողովի շրջանակներում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Փորձագետները նկատում են, որ վերջին շրջանում Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում որոշ լարվածություն կա և սա կապում են Ղարաբաղի խնդրի շուրջ ընթացող խմորումների հետ:

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, թե չի կարող լավատեսությամբ ընդունել հունվարի 24-ին կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքները։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը կայացել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում, իսկ ավելի վաղ՝ հունվարի 19-ին, Լավրովը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երկու հանդիպումներին էլ բանակցությունների առանցքային հարցը ղարաբաղյան խնդիրն էր։

Հայտարարությամբ այսօր հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը՝ դեսպան Ռիչարդ Հոգլանդը: Նա ասել է, որ դեկտեմբերի բախումներն ու մարդկային կորուստները ևս մեկ անգամ ընդգծում են բանակցությունների կարևորությունը, որոնք կարող ենք երկարաժամկետ խաղաղություն բերել տարածաշրջան։ - «Մենք կողմերին նորից կոչ ենք անում խստագույնս հետևել հրադադարին և միջոցներ ձեռնարկել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար», - նշել է ամերիկացի համանախագահը:

XS
SM
MD
LG