Մատչելիության հղումներ

WikiLeaks. Ադրբեջանի քաղաքական և տնտեսական լծակները «էրիվանլիների» և Փաշաևների ձեռքում են


Ադրբեջանի ազգային դրոշի հրապարակը Նախիջևանում, արխիվ

Ադրբեջանի ազգային դրոշի հրապարակը Նախիջևանում, արխիվ

Ադրբեջանի կլանային իշխանությունը, կամ «լավագույն» ավանդույթները շարունակվում են. 2008 թվականին WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված ամերիկյան Պետքարտուղարության փաստաթղթերի համաձայն, Ադրբեջանի քաղաքական և տնտեսական լծակները գտնվում են երկու խմբերի՝ Հայաստանից փախստականների, ինչպես Ադրբեջանում է ընդունված ասել՝ «էրիվանլիների», և երկրի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի՝ Փաշաևների ձեռքում, հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Լրատվամիջոցը մեջբերում է նաև «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» լրագրողական կազմակերպության 2015 թվականի հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ ադրբեջանական 8 բանկեր, որոնք երկրի բանկային համակարգի 20 տոկոսն են կազմում, կապված են նախագահական ընտանիքի հետ։ Նախագահի աշխատակազմը չի հերքել այդ տեղեկատվությունը։

«Սա միակ հետաքննությունը չէ երկրի ղեկավարի հետ կապ ունեցող խմբերի կողմից բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ», - գրում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը նշում է, որ իշխանությունների մերձավորներով շրջապատված լինելու ավանդույթը տասնամյակների պատմություն ունի, որը գալիս է Ալիև հոր իշխանության տարիներից։ Դեռևս 1970-ականների վերջերին Հեյդար Ալիևը որոշեց երկրի պատասխանատու պաշտոնները վստահել հայրենակիցներին՝ նախիջևանցիներին։ Նախիջևանցիների միավորումը, ինչպես ադրբեջանցի վերլուծաբաններ են նշում, այժմ արդեն պաշտոնական բնույթ է ստացել՝ ի դեմս «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության։ Ըստ այդ պնդումների, հենց այս կուսակցությունն է նախիջևանյան կլանի շահերի ու նպատակների քաղաքական գաղափարախոսական ջատագովը։

«Ազատության» ադրբեջանական ծառայության 2014 թվականի հետաքննության համաձայն, պետական կառավարման համակարգում աշխատող 44 պաշտոնյաների մի մասը կամ հայրեր են, կամ ծնվել են Հեյդար Ալիևի հայրենի բնակավայրում, կամ էլ Հայաստանից փախստական ընտանիքներից են։

Իլհամ Ալիևի վարչակարգի կոշտ քննադատներից մեկի՝ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի խոսքով, ադրբեջանցի նախարարներից շատերը նախընտրում են մերձավոր ազգակիցներին աշխատանքի չընդունել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչություններում։

«Նրանք իրենց մերձավորներին այլ գերատեսչություններում են տեղավորում։ Մեր արտգործնախարարությունում բազմաթիվ պաշտոնյաների որդիներ են աշխատում», - նշում է շուրջ 20 տարի Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում աշխատած Մամեդովը։

Mia.az լրատվական կայքի տվյալներով՝ վերջերս երկրի ներքին գործերի նախարարության շրջանային բաժանմունքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Նազիմ Հասանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի որդին է։ Իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել այս նշանակումը։

Ըստ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, կլանային իշխանությունը կոռուպցիայի տեսակներից մեկն է։ Բազմաթիվ երկրներում այդ օրենքը խախտելու համար պատիժ է սահմանված։ Օրինակ՝ Կարմիր Խաչի նորվեգական կոմիտեի ղեկավարը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հիվանդանոցի վերանորոգումը իր եղբայրների կողմից ղեկավարվող ընկերությանը պատվիրելու համար։

XS
SM
MD
LG