Մատչելիության հղումներ

Երևանի Մուրացան հիվանդանոցում երեկ մահացած 4 օրական նորածնի հարազատները պնդում են, թե երեխան չի ապրել ծնունդն ընդունող բժշկի մեղքով:

Նարինե Բրոյանի և Իսա Իսայանի առաջնեկը ծնվել էր հունվարի 26-ին Արմավիրի բժշկական կենտրոնում, իսկ հունվարի 29֊ին ծանր վիճակով տեղափոխվել Երևան:

Մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ հերթապահ բժիշկ Նշան Գևորգյանը, տեսնելով, որ ծննդկանին իր ֆիզիոլոգիական կառուցվածքի համար ցուցված է միայն կեսարյան հատում, այնուամենայնիվ որոշել է, որ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով:

Իսայանն ասում է, որ միայն այդ ժամանակ եկան ու տեղյակ պահեցին, որ փոքրիկի լույս աշխարհ գալու համար դիմել են աքցանի օգնությանը․ - «Ասին, որ դժվար ծնունդ ա եղել, կոնքերը նեղ ա եղել, դրա պատճառով էլ իրենք գործիքով են քաշել: Իսկ մինչև էդ իրանք կարող էին իմանալ, որ հարսիկը չի կարողանա ազատվի, կարող էին կեսարյան անել»:

Պապիկի խոսքով, դեռ ամբողջությամբ չձևավորված փոքրիկ օրգանիզմը վնասվել է աքցանի կիրառությունից, դրա օգտագործման հետևանքով նորածնի գլխուղեղում ի հայտ են եկել արյան զեղման նշաններ: Հենց այդ կասկածն էլ, ըստ Արմավիրի ծնննդատան մանկաբարձագինկոլոգիական բաժանմունքի վարիչի, ստիպել է մանկաբույժին երեխային ուղեգրել Երևան:

«Ոչ մի պրոբլեմներ էլ չի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց բաժանմունքի վարիչ Մզիա Դավիթ-Բեկը: - «Ճիշտ ա, տուժած երեխա է համարվում, երբ որ երեխան ծնվում է աքցանադրումով: Արնազեղման նշաններ են ի հայտ եկել, և երեխան ուղարկվել է Երևան»:

Թե ինչու է բժիշկ Գևորգյանը, ում հետ ի դեպ արդեն 2 օր է անհնար է կապ հաստատել, որոշել հղիության 9-րդ ամսում 50 կգ քաշ և նեղ կոնքեր ունեցող կնոջը ծննդալուծել բնական ճանապարհով՝ բաժանմունքի վարիչը չգիտի․ - Բժիշկը այսօր պետք է գար գործի, բայց չի եկել, որի մասին ես տեղեկացրել եմ փոխտնօրենին»:

Բաժանմունքի վարիչը մեր ներկայությամբ ևս մեկ անգամ փորձեց կապ հաստատել Նշան Գեւորգյանի հետ: Կրկին ապարդյուն:

Մզիա Դավիթ-Բեկն ասաց, որ չի կարող մեղադրել բժշկին․ - «Մինչև բժշկից ես չիմանամ ինչ ա եղել, ես ո՞նց կարամ բժշկին մեղադրեմ»:

Հունվարի 26֊ին հերթապահ նեոնատոլոգ Ռուզաննա Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ճննդաբերությունից անմիջապես հետո երեխան ունեցել է շնչառական խնդիրներ, ցածր մկանային տոնուս, բայց համապատախսան միջամտությունից հետո ամեն ինչ կարգավորվել է: Խաչատրյանի կարծիքով, տվյալ դեպքում հարկավոր էր կեսարյան հատում անել․ - «Բոլոր դեպքերում այդ աստիճանի նեղ կոնքի դեպքում, իսկ իրա մոտ երկրորդ աստիճանի նեղ կոնք էր, բոլոր դեպքերում անում են կեսարյան հատում»:

Ամբողջ օրվա ընթացքում մենք եւս փորձեցինք կապ հաստատել Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գեւորգյանի հետ: Բայց նրա հեռախոսն անհասանելիր էր: «Ազատությունը» այցելեց նաեւ Գևորգյանի տուն, որտեղ հազարատները տեղեկացրեցին՝ բժիշկը Երևանում է, վատառողջ է և արձակուրդի մեջ է:

XS
SM
MD
LG