Մատչելիության հղումներ

Ազատամուտի գյուղապետն արդեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին


Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր կուսակցությունը առավելագույն ձայներ ստանա։

Նշելով, որ Ազատամուտի 2200 ընտրողների մեկ երրորդը իշխող կուսակցության անդամ է՝ գյուղապետն ասաց․ - «Մեր Հանրապետական կուսակցության առաջին անդամն եմ ես ստեղ: Ինձ ունեմ 702 հանրապետական, ես եմ էդ ստեղծել»

Հանրապետականին անդամագրված գյուղացիների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունի։ Մթերային խանութներից մեկում ազատամուտցիները 3 միլիոն դրամի պարտք են արդեն կուտակել:

Գյուղապետն ինքն էլ է փաստում, որ Ազատամուտը Տավուշի ամենաանապահով գյուղերից է։ Կարի արտադրամասը վաղուց փակվել է, «Բենտոնիտ» գործարանն էլ, որի հարևանությամբ ժամանակին կառուցվել էր բանավանը, ամբողջ հզորությամբ չի աշխատում․ - «Անապահով ընտանիքներ ստեղ շատ կան, աղքատ ժողովուրդ են ստեղ: Մեզ ո՛չ հող ունենք գյուղնշանակության, ո՛չ մի գործարան ունենք, ոչ մի բան»:

Մարգո Սիմոնյանը երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու և երկրորդ ու առաջին կարգի համշանդամ որդիների հետ է բնակվում։ Վագոն տնակն արդեն վաղուց նորոգման կարիք ունի, տանիքից կաթում է։

Չնայած ծանր պայմաններին կոմունալ վճարումները ժամանակին են անում, խանութի պարտքն էլ մարում են այն ժամանակ երբ որդիների նպաստ են ստանում․ - «Ապրում ենք Աստծու ողորմությամբ: Մեզանից ավելի բեթարները կան: Քանի դեռ ամուսինս կա․ օգնական ունեմ: Ընկճված չեմ: Ընկած եմ, բայց կոտրված չեմ»:

Դեկտեմբերին Ազատամուտ էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, համայնքապետին առաջարկել աշխատատեղերի ստեղծման տարբերակներ ներկայացնել։

Օրերս գյուղը նաև սահմանամերձի կարգավիճակ ստացավ։ Համայնքի ղեկավարի պնդմամբ՝ սա նախընտրական շրջանի հետ կապ չունի, իրենք կառավարությանը վաղուց էին դիմել, որպեսզի գյուղացիները կարողանան որոշակի արտոնություններից օգտվել, գազի ու հոսանքի դիմաց պակաս վճարել․ - «Սա նախընտրական պարգև չի: Սա ընդամենը մեր նախագահի աշխատանքն է: Ամեն համայնքը մի բան պակաս ա, մինչև ընտրությունը չվերջանա, ոչ մի բան չանի՞»:

Գյուղացիներին այս նորությունն ուրախացրել է: Փոստային բաժանմունքի աշխատակից Սիլվարդ Փայտյանն ասում է լույսի ու գազի հսկիչների հետ անընդհատ վեճեր են, մարդիկ վճարել չեն կարողանում, շատերն էլ հիասթափվում են ու արտագնա աշխատանքի մեկնում։ Փոստատան պատին տան վաճառքի մասին հայտարարություններն են փակցնում։

Հիմա եթե արտոնություններ ունենան, գուցե մնան ասում է ազատամուտցի կինը․ - «Արտագաղթը շատ ա: Արդեն մարդիկ տներ են վաճառում: Ասենք, արտագնա աշխատանքի են գնում, հենցը կա, հետ էլ չի գալի, ընտանիքներ են քայքայվում․․․ Այ, հիմա, ինձ թվում ա, կկանգնի մի քիչ, էս սահմանապահ լինելու միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG