Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար առաջնահերթը ԻՊ-ի դեմ պայքարն է»


Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցում է Վլադիմիր Պուտինի հետ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2017թ.

Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցում է Վլադիմիր Պուտինի հետ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2017թ.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, քաղաքական կամքի առկայության պարագայում, երկու երկրներն ունեն համագործակցության անսահման հնարավորություններ:

Ռուսաստանում դրական են գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ անցած շաբաթ օրվա հեռախոսազրույցը, որն առաջինն էր Ամերիկայի ղեկավարի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից հետո:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Էրիթրեայի իր պաշտոնակից Օսման Սալեհի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին, նշելով, թե երկու երկրները կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

Մոսկվայի և Վաշինգտոնի համար առաջնահերթութունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարն է: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, այդ հարցում երկու երկրները, քաղաքական կամքի առկայության պարագայում, ունեն համագործակցության անսահման հնարավորություններ:

Լավրովի խոսքով, հունվարի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում երկու նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի թեման: Լավրովը նաև նշել է, թե բուն զրույցը դրական էր թե՛ քաղաքական, և թե՛ մարդկային առումով:

«Զրույցը, որը հասկանալի պատճառներով, կենտրոնացած էր հայեցակարգային խնդիրների վրա, առանց մանրամասների մեջ խորանալու, վկայեց, որ մի շարք ասպարեզներում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Վերջինիս փոխանցմամբ, Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել «այս աշխատանքը» ինչպես փորձագետների մակարդակով, այնպես էլ իրենց հնարավոր շփումների շրջանակներում: Դրանց ժամկետները և օրակարգը դեռ պետք է համաձայնեցվեն, ասել է ՌԴ արտգործնախարարն ու շարունակել՝

«Փորձագետների մակարդակով քննարկումները, թերևս կդառնան պարբերական այն բանից հետո, երբ վերջնականապես կձևավորվի Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին հարաբերությունների ոլորտը կարգավորող թիմը»:

Սերգել Լավրովի փոխանցմամբ, Թրամփը Պուտինի հետ զրույցում մարդու իրավունքների հարցը չի արծարծել: Նախագահների առաջին հեռախոսազրույցին, ըստ նրա, բնորոշ է եղել փոխադարձ հարգանքը․ նրանք մեկ մեկու խրատներ չեն կարդացել, փոխարենը՝ «յուրաքանչյուրը կենտրոնացել է իր երկրի ազգային շահերի վրա»:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա նախքան Համբուրգում այս տարվա հուլիսին կայանալիք «մեծ քսանի» գագաթնաժողովը: Պուտինի խոսնակի փոխանցմամբ, երկու նախագահներն իրենց օգնականներին հանձնարարել են հնարավորինս արագ քննարկել մինչև գագաթնաժողովը հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

«Երկու նախագահները նշել են փոխհարաբերություններում հարգանքի կարևոր սկզբունքը: Ընդգծվել է, որ ամերիկացիները հարգանք են տածում ռուսների նկատմամբ, Պուտինն էլ ասել է, որ ռուսները հարգանքով են վերաբերվում ամերիկացիներին, այդ իմաստով դա շատ կարևոր զրույց էր»,- երկու առաջնորդների հեռախոսազրույցի առնչությամբ ասել է Պեսկովը և ավելացրել՝ «Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի պակասն է եղել մեր հարաբերություններում գրանցված նահանջի և վատթարացման պատճառը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG