Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը «ստախոսություն» է որակում Սեյրան Օհանյանի հայտարարությունը


Զինված ոստիկանները արգելափակում են ցուցարարների երթը: 1-ը մարտի, 2008 թ․
Զինված ոստիկանները արգելափակում են ցուցարարների երթը: 1-ը մարտի, 2008 թ․

«Պնդել, որ [2008 թվականի] մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, ստախոսություն է», - հայտարարում է «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը:

Պաշտպանության նախկին նախարարը, ով 2008-ին ղեկավարում էր Զինված ուժերի գլխավոր շտաբը, նախօրեին հայտարարեց, թե բանակը ներգրավվել է միայն մարտի 2-ից՝ ստանձնելով մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը:

«Եթե ես իմ մեղքի չափը ունեմ, ես պատասխան եմ տալիս», - ասել էր Օհանյանը:

«Պետք է քաղաքական ազնվություն ունենա մարդը, պատասխանի, որ վիդեո և ֆոտո մատերիալներ տասնյակ, հարյուրավոր կան, որ այդ օրը բանակի ստորաբաժանումները եղել են Երևանում, և սահմանից են բերվել», - ասաց Սեմիրջյանը՝ վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի դեռ փետրվարի 23-ի ամսաթով ստորագրած թիվ 0038 հրամանագիրը՝ Զինված ուժերի ներգրավման մասին․ - «Ոչ մեկը չի հերքել այդ հրապարակումից հետո: Նույնիսկ Պաշտպանության նախարարությունից մարդ էր ձերբակալվել, ով մեկ-երկու տարի անցկացրել է բանտում իբր գաղտնի հրամանը տարածելու համար: Երկրորդ անհերքելի փաստը, նույն հարցը ես պարոն Օսկանյանին եմ տվել, որ՝ Դուք հրապարակ իջնելու ժամանակ տեսե՞լ եք զինվորական զորքեր, թե՞ չեք տեսել: Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր Երևանում են եղել մարտի 1-ին, տեսել են զինված ուժերի ներկայությունը»:

Որպես զինուժի ներգրավման ամենաակներև փաստ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգողը հիշատակում է ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքը․ - «Ճիշտ է [ծառայում էր] ներքին զորքերում, բայց ինքը զորակոչվել էր բանակ: Եթե բանակը չի մասնակցել, ինչպե՞ս է զորակոչիկը զոհվել մարտի 1-ին: Իսկ եթե պարոն Օհանյանը նկատի ունի բուն գործողություններին մասնակցությունը, միայն այն փաստը, որ բանակը կանգնել է քաղաքում, հնարավորություն է տվել նաև այդ զինված բանդաներին և այն մարդկանց, ովքեր որ իշխանություն էին, անխափան գործողություն կատարել»:

Այսինքն, բացատրում է տարիներ շարունակ Մարտ 1-ի հարցով զբաղվող Սեմիջյանը, անգամ եթե չկան փաստեր, որ բանակը ցույցեր է ցրել, խանութ թալանել կամ մարդ ձերբակալել, դեռ չի նշանակում, որ ներգրավված չի եղել ու չի ծառայեցվել քաղաքական ուժի նպատակներին․ - «Նաև ընտրական պրոցեսներին է մասնակցություն ունեցել բանակը, ոչ միայն 2008 թվին, նաև քաղաքական պրոցեսների է մասնակցություն ունեցել»:

Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 2-ին հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին՝ զգուշացնելով, որ անգամ փոքր խմբերով հավաքվելու դեպքում Զինված ուժերը միջոցներ են ձեռնարկելու: Նա ընթերցում էր, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարել․ - «Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով․․․»:

Սեմիրջյանի մեկնաբանությունը․ - «Դա քաղաքական հայտարարություն է: Տվել են, ընթերցել է: Եթե այդ ժամանակ տային, ասեին, որ դիվերսանտներ են ադրբեջանցի կամ այլմոլորակայիններ են, ինքը պետք է ընթերցեր․․․ Դա արդեն ոչ թե իրավական հարթության վրա է․․․ մարդու սկզբունքայնության և արժեքային համակարգի խնդիր է»:

Պնդելով, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցում լիովին անտեսել էր բանակի մասնակցության հարցը՝ նախկին փաստահավաք խմբի անդամները 2010 թվականին հրապարակեցին սեփական հաշվետվությունը՝ հայտարարելով, թե բազմաթիվ ապացույցներ կան, պնդելու, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, զինված ուժերի կառավարման մարմիներն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:

Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը Երեւանի կենտրոնական փողոցներում զինուժի տեղակայման օրինակներ էին բերել, ընդգծել, որ դեռ փետրվարի 23-ին բանակի ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի, ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:

Քաղաքականություն մտնելով՝ Սեյրան Օահանյանն ասում է, թե դեմ չէ, որ իրավապահ համակարգն ամբողջովին բացահայտի Մարտի 1-ը: Այդ օրվա տասը զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանն ասում է, թե ինչու չի բացահայտվում․ - «Իրանց օրոք ա, ո՞նց բացահայտվի: Ասենք, այդտեղ բացահայտելու բան էլ չկա․ սաղ էլ գիտեն հրամանը ով ա տվել, ինչի համար են սպանել: Ինը տարի ա, նույն պատմությունն ա: Քանի դեռ էս իշխանությունը կա հանրապետությունում, երբեք Մարտի 1-ը չի բացահայտվի»:

Ֆարմանյանն ասաց նաև, թե «շատ վատ» է վերաբերվում այն փաստին, որ այդ իշխանությունից դուրս եկած մարդիկ այսօր ասում են, թե կապ չեն ունեցել․ - «Իրանց դեմքը պատռվեց արդեն, թե իրանք ովքեր են եղել, ինչի համար են իշխանության հետ գնացել: Նույն տիպերն են: Ընդդիմություն ա ուզում դառնա՞․․․ Չէ: Հավը բադի ձու չի կարա ածի»:

Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու «Հայ ազգային կոնգրես»-ի անդամներն հավաքվել էին՝ այցելելու զոհերից Տիգրան Խաչատրյանի գերեզման: Այսօր նա կդառնար 32 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG