Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին կհեռացնեն ՀՀԿ-ից, եթե նա դիմում չներկայացնի


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Եթե Հովիկ Աբրահամյանն այդպես էլ Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) դուրս գալու մասին դիմում չներկայացնի, ապա նրան պարզապես կհեռացնեն կուսակցությունից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Նշենք, որ Հանրապետականից դուրս գալու մասին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց անցած հինգշաբթի՝ այդ մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան իր էջում, սակայն, առայսօր նա այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։

«Ազատություն». - Իսկ իրավական առումով, պարոն Թադևոսյան, ինչպե՞ս է լինում՝ քանի նա դեռ դիմումը չի ներկայացրել, համարվո՞ւմ է Հանրապետական կուսակցության անդամ։

Թադևոսյան. - Առայժմ՝ այո, մինչև համապատասխան կառույցը, դա կլինի տարածքային կա՛մ գործադիր մարմինը, կա՛մ կազմակերպչական հանձնաժողովը... կանոնադրությունը դա հստակ կարգավորում է որոշում ընդունելը՝ հեռացվել է կուսակցությունից իր դիմումի համաձայն, թե՝ կարգապահական այլ...

«Ազատություն». - Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ եթե նա առաջիկայում չներկայացնի դիմում, ապա կուսակցությունն ինքը կհեռացնի նրան՝ հաշվի առնելով իր հայտարարությունը։

Թադևոսայան. - Այո, շատ հնարավոր է։

«Ազատություն». - Ո՞ր տարածքային կառույցը պետք է նիստ անցկացնի Հովիկ Աբրահամյանի մասով։

Թադևոսյան. - Որտեղ ինքը հաշվառված է, տվյալ պարագայում՝ Արարատի տարածքային կազմակերպությունում։

«Ազատություն». - Մոտավորապես ե՞րբ կլինի այդ նիստը, թե՞ մի փոքր էլ կսպասեք, պարոն Թադևոսյան։

Թադևոսյան. - Չեմ կարող ասել, ըստ նպատակահարմարության։

«Ազատություն». - Որքա՞ն է ժամկետը, այսինքն՝ հայտարարությունից հետո...

Թադևոսյան. - Ժամկետ հստակ նշված չէ։

«Ազատություն». - Դուք կորոշեք, կուսակցությունը կորոշի...

Թադևոսյան. - Այո, շատ ճիշտ է։

«Ազատություն». - Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա դիմում չի ներկայացնում, ո՞րն է պատճառը։

Թադևոսյան. - Կարող եք իրենից հարցնել։

Մի ուշագրավ հանգամանք․ Հանրապետականի Արարատի մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանն է, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, ծնունդով նա նույնպես Մխչյան գյուղից է: Փաստորեն, հենց Պողոսյանի ղեկավարած կառույցն էլ առաջիկայում պետք է Աբրահամյանին հեռացնելու որոշում կայացնի։

Ի դեպ, մեզ հաջողվեց կապ հաստատել պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ, նա հակված չէր պատասխանել մեր հարցերին, միայն նշեց, թե տեղյակ չէ՝ ինչու Հովիկ Աբրահամյանն այդպես էլ դիմումը չի ներկայացնում։

«Ազատություն». - Ե՞րբ եք Դուք պատրաստվում այդօրինակ նիստ կազմակերպել, տիկին Պողոսյան։

Պողոսյան. - Մենք դեռ դիմում չունենք, և ես հիմա, ճիշտն ասած, այնպես անհարմար տեղում եմ, որ չեմ կարողանում խոսել։

«Ազատություն». - Դիմում չեք ստացե՞լ։

Պողոսյան. - Չենք ստացել։ Նիստ այսօր եղել է, բայց ուրիշ նպատակով, ոչ մի նման հարց չի քննարկվել։

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը դիմում չի ներկայացրել։

Պողոսյան. - Կներեք, տեղյակ չեմ։

Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո Արարատի մարզում լարված իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, գրվել է, թե Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն իր մոտ է հրավիրել Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի ու զգուշացրել, որ ՀՀԿ-ից դուրս գալու և Աբրահամյանին աջակցելու դեպքում խնդիրներ կունենան։ Այսօր Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց նման ճնշումների մասին տեղեկությունները:

«Հրապարակումներին ծանոթ եմ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը կատարում է օրենքով իրեն վերապահաված գործառույթները: Այդ առումով քրեածին իրավիճակի, հասարակական կարգի պահպանության առումով մարզում իրավիճակը վերահսկելի է, որևէ արտառոց բան չկա»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ինչ վերաբերում է համյնքների ղեկավարներին արված զգուշացումների մասին հրապարակումներին, ըստ Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարի, դրանք «բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»:

Հանրապետականը լքելու մասին մի շարք հայտարարություններ հնչեցին նաև Լոռու մարզից: Օրերս այդ մասին տեղեկացրեց Լոռու մարզի Լեռնապատ գյուղի նախկին գյուղապետ Վանո Եզիազարյանը: Նա իր ֆեսյբուքյան էջում գրել է՝ «Անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որն ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում»: Հիասաթափված լինելու և Հանրապետականից հեռանալու մասին հայտարարեց նաև նույն մարզի Գուգարքի հիմնական դպրոցի նախկին տնօրենը, ասելով, թե առաջիկա ընտրություններում աջակցելու է «Լուսավոր Հայաստան»-ին։

Կուսակցությունը լքողների մասին մամուլի հրապարակումները շահարկումներ են

Չնայած այս հայտարարություներին, Հանրապետականի կազմակերպչկան հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը վստահեցնում է՝ կուսակցությունը լքողների մասին մամուլի հրապարակումները շահարկումներ են: Ամեն դեպքում՝ Հանրապետականի կենտրոնական գրասենյակը կուսակցությունից դուրս գալ ցանկացող քաղաքացիներից դիմումներ չի ստացել: Հակառակը՝ բավական շատ դիմումներ են ստանում Հանրապետականին անդամագրվելու համար:

Հիշեցնենք՝ անցած հինգշաբթի նախագահ Սերժ Սարգսյանը ծիծաղելի էր որակել այն պնդումները, թե Հանրապետականից արտահոսք է սկսվել, ընդգծելով, թե միայն վերջին ամիսներին 11 հազարից ավելի մարդ է անդամագրվել իր ղեկավարած ուժին: Այսօր կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը նոր տվյալ հրապարակեց՝ առաջիկայում Հանրապետականի շարքերը կհամալրվեն ևս 3 հազար նոր անդամներով:

Թադևոսյան. - Եվս 3 հազարն է արդեն ավելանում, մոտ 3 հազար։

«Ազատություն». - Դա ի՞նչ ժամանակահատվածում, պարոն Թադևոսյան։

Թադևոսյան. - Վերջին երեք ամսում, պարոն վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո։

«Ազատություն». - Այսինքն՝ այդ 11 հազարին, կարող ենք ասել, որ առաջիկայում ևս 3 հազարը կավելանա։

Թադևոսյան. - Այո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG