Մատչելիության հղումներ

Գեներալ Թաֆանելի․ Թրամփի օրոք հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կշարունակի խորանալ


ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելի

2002 թվականից սկսած, միջազգային ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 48 միլիոն դոլար:

Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են խորանալ, և նախագահ Թրամփի օրոք ամերիկյան կողմը մտադիր չէ հետ կանգնել իր հանձնառությունից: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:

Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունն ամերիկյան կողմից համակարգում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությունը: «Կցանկանայի նշել, որ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը սերտ է, քան երբևէ: Մենք իրապես շատ ուրախ ենք նման համագործակցությամբ, որ ունենք Հայաստանի Հանրապետության հետ 2003 թվականից, և յուրաքանչյուր տարի մեր հարաբերությունների, փոխգործակցության որակը բարելավվում է»,- ասաց գեներալ Թաֆանելին:

Վերջինիս գլխավորած ամերիկյան ռազմական պատվիրակությունը Երևանում էր՝ Հայաստանի զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ամերիկացի գեներալին օրերս ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ խորացնել փոխգործակցությունը:

«Նախարար Սարգսյանն ասաց, որ մենք լայն հնարավորություններ ունենք՝ քննարկելու երկկողմ փոխգործակցությունը: Նախարարը ցանկություն հայտնեց անդրադառնալ մեր համագործակցության որոշ տարրերի: Մասնավորապես, արդեն երկար տարիներ ռազմաբժշկական կարողությունների զարգացումը [համագործակցության] առանցքային բաղկացուցիչներից մեկն է:

Մենք նաև աշխատում ենք զինվորական բժիշկների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև աշխատում ենք արհեստավարժ ենթասպայական համակարգ հիմնելու և այդ համակարգին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Աշխատում ենք նաև մի շարք այլ ուղղություններով, որոնք փոխշահավետ են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ամերիկացի գեներալը:

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, Միացյալ Նահանգներում բավարարված են Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությամբ: «Իմ կարծիքով, ես կարող եմ խոսել Կանզաս նահանգի հետ կապված, մենք որպես Հայաստանի գործընկեր ամերիկյան նահանգ, շատ բավարարված ենք հայ-ամերիկյան [ռազմական] համագործակցությամբ:

Տարվա ընթացքում կիրականացնենք մոտ 15 ծրագիր: Մեր նահանգի համար սա մեծ հնարավորություն է՝ համագործակցել հայաստանյան ռազմական գործընկերների հետ: Սա նաև թույլ է տալիս հայաստանյան կողմին՝ ներկայացուցիչներ ուղարկել Միացյալ Նահանգներ՝ վարժանքների: Համատեղ ծրագրերի տպավորիչ քանակ ունենք, և այժմ աշխատում ենք այս ծրագրերի որակի բարելավման ուղղությամբ, որովհետև ժամանակի ընթացքում մեր համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Այժմ մենք կենտրոնացած ենք մեր համագործակցության որակի բարելավման վրա»,- շարունակեց Լի Թաֆանելին:

«Ազատության» հարցին՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո արդյո՞ք հայկական կողմը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ նաև ռազմա-տեխնիկական համագործակցություն (այդ թվում՝ սպառազինության ձեռք բերման և վերանորոգման ոլորտում) սկսելու, երկկողմ ռազմական հարաբերություններն էլ ավելի խորացնելու նախաձեռնությամբ, Թաֆանելին պատասխանեց:

«Հայաստանի հետ մեր համագործակցությունն այս տարիներին կայուն է եղել: Որևէ փոփոխություն չենք նկատել: Երկու կողմն էլ հանձնառություն ունեն՝ շարունակել անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը, և շատ ուրախ ենք այդ ոլորտում դերակատարություն ունենալու համար»:

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը բացառեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունները կարող են հետընթաց ապրել: «Շատ դրական ենք տրամադրված, համագործակցությունը շարունակում է խորանալ: Կրկնեմ՝ մենք շատ հավատարիմ ենք Հայաստանի հետ մեր համագործակցությանը, և սա չի փոխվի: Ոգևորված ենք այն հնարավորությունների առնչությամբ, որ ծրագրել ենք այս տարվա համար: Շարունակելու ենք աշխատել մեր համագործակցության շրջանակում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:

2002 թվականից սկսած, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Միացյալ Նահանգները միջազգային ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել է 48 միլիոն դոլար: Դա Հայաստանին հնարավորություն է ընձեռել՝ գնել զինվորների համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ, ռադիոկապի միջոցներ և շարժական դաշտային հոսպիտալի համակարգ, ինչպես նաև հնարավորություն է տվել՝ վերանորոգել ուսումնական տարածքներ, որոնք թույլ են տալիս նախապատրաստվել խաղաղապահ առաքելություններին:

XS
SM
MD
LG