Մատչելիության հղումներ

«Եռաբլուր» այցելած բարձրաստիճան պաշտոնյաները անդրադարձան ներքաղաքական իրավիճակին


Հայաստանի զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առիթով այսօր «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Պաշտոնական արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հեռացավ` այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցերին։

«Եռաբլուր» այցելած բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ զրույցներում անդրադարձան ներքաղաքական իրավիճակին։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ իշխող Հանրապետականից դուրս գալու և Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հնարավոր քաղաքական խաղերի մասին հարցին, ասաց. - «Չեմ կարծում որոշակի նման խնդիրներ կարող են լինել»:

Շարունակելով Հովիկ Աբրահամյանի թեման՝ իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, թե ճանապարհից շեղվող ցանկացած անձ կորցնում է. - «Եթե ինչ-որ մի ճանապարհով գնում ենք, պետք է մինչև վերջ գնանք։ Եթե փորձում ենք ճանապարհից շեղվել և հետ չգալ, բնական է՝ նաև կորցնում ենք, դա մեր կյանքի փորձն է, որը ընդունվում է նաև քաղաքականության մեջ»:

Հարցին, թե հնարավո՞ր է կրկնվի 2015-ի փետրվարը, երբ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց և Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանի կողմից քննադատվելուց հետո գործարար Գագիկ Ծառուկյանը «անսպասելիորեն» հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ նման իրողություն կա այս պահին և ոչ էլ պետք է կոնկրետ նշել, թե ում նկատմամբ ինչպես վարվեց: Ասեմ հետևյալը՝ եթե որևէ ինչ-որ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետության հետագա գործընթացներին, բնականաբար՝ ամեն ինչ հնարավոր է։ Բայց այս պահին ես կարծում եմ՝ նման խնդիրներ չեն կարող առաջանալ, որովհետև ընտրական պրոցես է, և կարծում եմ՝ հիմնականում քաղաքական թիմերը համոզված են, որ ընտրություններից հետո որևէ մեկը մյուսին չեն կարող ինչ-որ բանում մեղադրել»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղին չհամարեց բանակի տոնի օրը խոսել ներքաղաքական հարցերից։ Կարճ պատասխանեց միայն Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդու՝ Արմավիրի արդեն նախկին ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի` աշխատանքից ազատվելու մասին հարցին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության Արսեն Աբրահամյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

«Մենք մեկնաբանություններ տվել ենք Արմավիրի արդեն նախկին ոստիկանապետի մասով», - նշեց ոստիկանապետը:​

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ «Ազատության» հարցին հակադարձեց՝ Հովիկ Աբրահամյանը Հանրապետականի միակ կարկառուն ներկայացուցիչը չէր. - «ՀՀԿ-ում շատ կարկառուն ներկայացուցիչներ կան, և ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում»:

Հարցին, թե ինչո՞ւ հանրապետական Մհեր Սեդրակյանի փեսային՝ Արմեն Հարությունյանին ազատեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, քաղաքապետը պատասխանեց․ - «Ինքն է դիմում գրել, այդ հարցը պետք է իրեն ուղղել: Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից»:

Հանրապետական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը անդրադարձավ ներքաղաքական վերջին վերադասավորումներին, ասաց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները զարմացրել են իրեն:

«Ես օրինակ չէի մտածի, որ Սեյրան Օհանյանը պիտի քաղաքականությունում ըտենց ակտիվ դառնար: Զարմացել եմ, որովհետև բաներ կա, որ… ամեն ինչ չափ կա: Ձունը ձունա լինում, ձունը անձվեր չի լինում, անձվերնա անձվեր», - նշեց նա:

Գեներալ Գրիգորյանն ասաց, որ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Օհանյանի հետ մի քանի անգամ է հանդիպել, բայց նրա քաղաքական ակտիվությունը չեն քննարկել. - «Աբսալյուտնի… ոչ էլ ես նման բան եմ բան անում: Բայց ես Հանրապետականի հետ ի՞նչ խնդիր պիտի ունենամ, ուզում եմ սա իմանամ: Խի՞ պտի ես Հանրապետականի հետ խնդիր ունենամ: Անունն ի՞նչ եմ դնում»:

Դիտարկմանը, թե գուցե քննարկել է Օհանյանին միանալու հարցը, Գրիգորյանը պատասխանեց. - «Մարդ կա՞ թող գա ինձ միանա, հենա, երկրապահ ենք սաղս»

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ գեներալ պատգամավորները դեռ չգիտեն` կներառվե՞ն Հանրապետականի ցուցակում, թե՞ ոչ։ Սեյրան Սարոյանն ասում է՝ դա կերևա առաջիկա օրերին։ Հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ անցնի ընդդիմադիր դաշտ կամ լքի Հանրապետականը, ինչպես Աբրահամյանը լքեց, Սեյրան Սարոյանը պատասխանեց․ - «Չեք տեսնի ընդդիմադիրների շարքում»:

«Եռաբլուր» այցելած Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին ևս լրագրողները հարցեր ուղղեցին հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Բալասանյանն ասաց՝ վտանգավոր է համարում Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները․ - «Շատ վտանգավոր, որովհետև ուժային կառույցի ղեկավարը իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերի, թե զուտ որպես անձ, թե որպես պատերազմական գործողությունների մասնակից»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Բալասանյանն ասաց՝ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է. - «Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը չի կարող խլել: Ապրիլյան օրերը մեզ համար մեծ դաս էր, մեր բացթողումների մասին արդեն գիտենք, լրացրել ենք ու վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեմ առնելու»:

Գեներալ Մանվել Գրիգորյանը ևս դեմ է հող հանձնելու գաղափարին. - «Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն է խոսում` իրան էլ հարցրեք: Իսկ ընձի որևէ մեկը հարցնի` հող կհանձե՞ք, կասեմ` մորդ կտանես կհանձնես: Էղա՞վ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG