Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:

«Մենք փորձում ենք ստեղծել համախոհների, գաղափարակիցների թիմ, որոնք կարող են լինել և՛ մեկ կուսակցության, և՛ տարբեր կուսակցությունների մեջ: Այսօր քաղաքական դաշտում ուսումնասիրման ժամանակահատված է, և նույնն էլ՝ մենք համապատասխան աշխատանք ենք տանում, որպեսզի ստեղծենք այդ համախոհների թիմը և դաշինք լինի, որոնք որ կարող են գնալ և հասնել հաջողությունների», - նշեց Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ «Ծառուկյան դաշինքի» հետ բանակցությունները շարունակվո՞ւմ են, Օհանյանը պատասխանեց․ - «Հանդիպումներ եղել են և հանդիպումների ընթացքում մենք որոշակի զրուցել ենք առաջիկա նպատակների շուրջ և այսօր յուրաքանչյուրը համախոհների իր թիմն է հավաքում, որպեսզի հետագայում տեսնենք թե ինչ կարող է լինել»:

Մեր ճշգրտմանը՝ այսինքն միավորվելը չի՞ բացառվում, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ - «Ոչ մի բան չի բացառվում, այսինքն՝ աշխատանքները ընթանում են»:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ինչ-որ մի պահի Գագիկ Ծառուկյանը կարող է միտքը փոխել և կրկին դուրս գալ քաղաքականությունից, գեներալ-գնդապետը պատասխանեց․ - «Ես չգիտեմ ով ինչպես է մտածում, համենայնդեպս ես իմ առջև խնդիր եմ դրել և իմ համախոհների թիմով, որոնք հիմնականում այսօր ձևավորվել են, եթե այդ թիմը ընդլայնվի, այդ թիմի հետ մենք գնալու ենք և նպատակ չունենք կանգնելու: Գնալու ենք մասնակցելու և ունենալու մեր դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում»:

«Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, որ՝ մայր գետերից հեռացած առվակները չորանում են, դա լրատվամիջոցները դիտում են Հովիկ Աբրահամյանին և նաև Ձեզ ուղղված խոսք: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ», - «Ազատության» այս հարցին էլ Սեյրան Օհանյանը պատասխանեց․ - «Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես անձնական դաշտերից դուրս եմ աշխատում և աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով, իմ նպատակների համար»:

Պաշտպանության նախկին նախարարը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և այլ համակիրների հետ այսօր այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել»

Օհանյանին հիշեցրինք իր հասցեին հնչող քննադատությունը, թե մեղավոր է 2008թ․ մարտի 1-ի ողբերգության համար և պետք է կանգնի դատարանի առջև:

«Որևէ մեկը դե՞մ է, որպեսզի այսօրվա գործող համապատասխան համակարգը, որը պետք է զբաղվի իրավական խնդիրներով ուսումնասիրի և մինչև վերջ բացահայտի, թե ովքեր այնտեղ ինչ դերակատարություն են ունեցել և ինչ մեղքի չափ ունեն», - ի պատասխան ասաց Օհանյանը: - «Այո, ես եղել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ՝ ես պատասխան եմ տալիս», - հավելեց նա:

«Ազատության» հարցին՝ իր կարծիքով այն ժամանակվա իշխանությունները մեղավորություն ունեի՞ն «Մարտի 1»-ի դեպքերի հետ կապված, Օհանյանը պատասխանեց․ - «Թող իրավապահ մարմինները խոսեն դրա մասին»:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած ուժի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կապի մասին հարցին, Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ «այդպիսի կապ չկա»:

XS
SM
MD
LG