Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով Հայաստանի օմբուդսմենի դիմումին


Դունիա Միյատովիչ և Արման Թաթոյան
Դունիա Միյատովիչ և Արման Թաթոյան

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը՝ կապված Մինսկում ձերբակալված՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետևում է այդ գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:

«Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա. Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաև նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:

Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Դունիա Միյատովիչը նաև վստահեցրել է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի հետագա զարգացումներին»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG