Մատչելիության հղումներ

Հանրապետականի խոսնակի պնդմամբ, ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի հեռանալով չի տուժի, քանի որ կուսակցությունում բազմաթիվ են գործիչները, որոնք «շատ լավ տիրապետում են ընտրական կամպանիայի կազմակերպմանը»:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ «մայր գետի» և «չորացող առվակաների» մասին փոխաբերությանը մեկ այլ փոխաբերությամբ:

Երեկ Հանրապետականի խորհրդի նիստում Սարգսյանն ասել էր՝ «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում»:

Հովիկ Աբրահամյանն, ի պատասխան այդ հայտարարության, հանդես է եկել հետևյալ այլաբանական պատասխանով՝ «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչև ոչնչանալը հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի հայտարությունը կարելի է համարել ՀՀԿ-ից հեռացողներին ուղղված զգուշացում առ այն, որ նրանք ապագա չեն ունենալու, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազնովն ասաց՝ «Դա զգուշացում չէր, դա իրականության փաստում էր: Պարոն նախագահը փաստեց իրականությունը»:

«Ազատություն»- Այսինքն՝ Հանրապետականից դուրս որևէ քաղաքական գործիչ չի՞ կարող ապագա ունենալ:

Էդուարդ Շարմազանով- Այն գործիչը, որն առանց քաղաքական դրդապատճառների և հիմնավորումների, առանց քաղաքական ծրագրի, գնում է այլ ճանապարհով, չեմ կարծում, թե ունի քաղաքական ապագա: Կարող է այլ ոլորտներում պայծառ ապագա ունենալ և բարգավաճ ապագա, բայց քաղաքական գործիչը, ինչպես երեկ եմ նշել, իր բոլոր շարժառիթներում ու գնահատականներում պետք է առաջնորդվի բացառապես քաղաքական հիմնավորումներով և պլատֆորմով:

«Ազատություն»- Դուք երեկ ասացիք, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալով, Հանրապետականը չի թուլացել, հակառակը՝ ավելի է ուժեղացել: Ի՞նչն է ավելի ուժեղացրել կուսակցությունը:

Էդուարդ Շարմազանով- Որովհետև Հանրապետականն ավելի համախմբված է, և նախագահի գլխավորությամբ գնում ենք առաջ, ապրիլի 2-ի ընտրություններին կհամոզվեք:

«Ազատություն»- ՀՀԿ-ն, ըստ էության, կորցրեց այնպիսի մի դերակատարի, որը շատ լավ տիրապետում էր նախընտրական շրջանի բոլոր նրբություններին, դա չի՞ վնասի կուսակցությանը:

Էդուարդ Շարմազանով- ՀՀԿ-ում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր շատ լավ տիրապետում են ընտրական կամպանիայի կազմակերպմանը: Շատ խորը հարգանք ունենալով մեր արդեն նախկին գործընկեր Հովիկ Աբրահամյանի ծառայությունների նկատմամբ, պետք է նաև նշեմ՝ երբ որ Հովիկ Աբրահամյանը չի եղել շտաբի պետ, էնպես չի, որ Հանրապետական կուսակցությունը պարտություններ է կրել»:

ՀՀԿ-ն շարունակում է Ծառուկյանին «չտեսնել քաղաքականության մեջ»

Իշխող Հանրապետականի խոսնակն «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նաև ՀՀԿ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող հայտարարությանը: Հանրապետականի խորհրդի՝ նախօրեին կայացած նիստում Սարգսյանն ասել էր, թե ինքը չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Շարմազանովի փոխանցմամբ, նախագահի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենց գնահատականները չեն փոխվել, և իրենք Ծառուկյանին քաղաքականության մեջ չեն տեսնում՝

«Նախագահն ասել է, որ այո՝ ինքը չի ողջունում, այսինքն, մենք չենք տեսնում այդ դերակատարմամբ Ծառուկյանին քաղաքականության մեջ: Ավելին՝ չողջունելը նաև նշանակում է, որ բոլոր այն մտացածին լուրերը, թե Ծառուկյանը նախագահի պրոյեկտն է, Հանրապետականի պրոյեկտն է, մենք ենք իրեն բերել վերադարձրել քաղաքական դաշտ, իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, այն քաղաքական գնահատականները, որի մասին մենք խոսել ենք, մնում են ուժի մեջ: Այսինքն՝ չենք ողջունել: Մենք գտնում ենք, որ իր վերադարձը քաղաքական կյանքում դրական իմաստով որևէ բեկումնային բանի չի բերի: Իսկ մնացածն արդեն Ծառուկյանի որոշելիքն է:

«Ազատություն»- Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից միջամտություն չէ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի իրացմանը: Ի վերջո, նա ողջունում կամ չի ողջունում, գնահատական է տալիս այլ քաղաքական ուժի, այլ քաղաքական դերակատարի գործունեությանը:

Էդուարդ Շարմազանով- Ես չեմ կարծում, որ խոսքի ազատությունը դա միջամտություն է կամ ազատ կարծիք արտահայտելու իրավունքը ժողովրդավարական երկրում կարող է համարվել միջամտություն: Ես չեմ կարծում, որ երբ պարոն Օբաման առաջարկում էր ընտրել տիկին Քլինթոնին, ոչ թե պարոն Թրամփին, նա միջամտում էր Ամերիկայում խոսքի ազատությանը կամ միջամտում էր այս կամ այն պետական ու քաղաքական գործչի ազատ գործունեությանը:

«Ազատություն»- Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մի անգամ Սերժ Սարգսյանը չողջունեց Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին: Վերջինս հեռացավ քաղաքականությունից: Նույնը կարո՞ղ է կրկնվել առաջիկայում, հաշվի առնելով հենց այդ փորձը:

Էդուարդ Շարմազանով- Հարցրեք Ծառուկյանին: Հեռացողն ինքն է եղել, վերադարձողն ինքն է:

Վերջում նշենք՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այդպես էլ չարձագանքեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Հանրապետականի այլ ներկայացուցիչների հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG