Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 9:30-ի սահմաններում Երևանի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ «Զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկի բաց պատշգամբի՝ շենքի դրսի պատի հատվածում հայտնաբերվել են մարզական կոշիկների հետքերին նմանվող հետքեր», - ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը, շարունակում է Քննչական կոմիտեն, հաղորդում է ստացվել մի բնակչուհուց առ այն, որ անհայտ անձը փորձել է պատուհանից մուտք գործել իր բարեկամին պատկանող՝ նշված շենքում գտնվող բնակարան:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնությունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG