Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի վերագործարկման համար ևս մեկ ընկերություն հայտ ներկայացրեց


Նաիրիտցիները դարձյալ կառավարության շենքի առջև են, 26-ը հունվարի, 2017 թ․

Նաիրիտցիներն այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը քննարկել հենց գործարանի մասնագետների հետ։

«Նաիրիտ»-ի վերագործարկման մրցութային հանձնաժողովի նախագահի պնդմամբ, մինչ այժմ վերագործարկման համար երկու ընկերությունից են հայտ ստացել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն մեկ ընկերություն է գործարանի վերագործարկման հայտ ներկայացրել՝ «Եվրոպա- Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»-ը:

Գործարանի սնանկության գործով կառավարիչը, մինչդեռ, հայտարարում է, թե ինքը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ստացել: Երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման մրցութային հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Անանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երկրորդ հայտը՝ ներկայացված ֆրանսիական մի ընկերության կողմից, ստացվել է վերջնաժամկետից 20 րոպե հետո: Անանյանը պնդում է՝ և՛ այդ, և՛ ավելի վաղ հայտ ներկայացրած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» ընկերության առաջարկներն իրենք ուղարկել են սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանին։

Նաիրիտցիների պայքարը չի դադարում անգամ ձնառատ եղանակին։ Այսօր նրանք կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը քննարկել հենց գործարանի մասնագետների հետ։

«Պարոն Կարապետյանը միայն բարձրաձայնում է, որ «Նաիրիտ» գործարանը չի կարող աշխատել։ Այն ժամանակ, երբ «Նաիրիտ»-ն աշխատել է 55-60 հազար տոննա արտադրողականությամբ, գործարանն ունեցել է մեկ տնօրեն, մեկ փոխտնօրեն, մեկ գլխավոր ինժիներ և մեկ տեխնոլոգ»,- ասում է գործարանի նախկին աշխատողներից մեկը:

Ներկայումս սնանկ ճանաչված «Նաիրիտ»-ի հետ կապված պահանջներ ունեն նաև պարտատերերը, այդ թվում՝ «Նաիրիտ 2»-ը, որը մարել է աշխատավարձերի պարտքերը։ Գործարանի նախկին աշխատողների ցույցերը համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանի պնդմամբ, «Նաիրիտ 2»-ն այժմ պահանջում է ավելի շատ գումար, քան վճարել էր աշխատավարձերի պարտքը մարելու համար: Նրա խոսքով, «Նաիրիտ 2»-ը ցանկանում է գանձել նաև աշխատավարձերի ուշացման համար նախատեսված տուգանքներից գոյացած գումարը, մինչդեռ, աշխատողներին այդ գումարը չի վճարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG