Մատչելիության հղումներ

Հայաստանը Դավոսի համաժողովին չի մասնակցել «աշխատանքային ծանրաբեռնվածություններից ելնելով»


Հայաստանի կառավարության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել ներդրումներ գրավելու՝ աշխարհում խոշորագույն հարթակներից մեկը համարվող Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Ազատության» հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թե կառավարության յուրաքանչյուր նիստում ներդրումներից խոսող վարչապետ Կարեն Կարապետյանը ինչո՞ւ չի մասնակցել հունվարի 17-ից 20-ը Դավոսում կայացած համաժողովին, անգամ՝ որևէ մեկին չի գործուղել այնտեղ, այսօր փորձեցինք պարզել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից:

«Մենք ամբողջովին հետևում ենք կատարված գործընթացին, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածություններից ելնելով հնարավորություն չեղավ մասնակցելու այդ համաժողովին», - լրագրողների հետ զրույցում նշեց Կարայանը:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ օրինակ Ադրբեջանը, Վրաստանը նախագահի, վարչապետի մակարդակով այնտեղ էին, խոսում էին խոշոր նախագծերից, մենք էլ ունենք խոշոր նախագծեր՝ հայ-իրանական երկաթգիծ, ատոմակայան, ինչո՞ւ չենք ներկայացրել դրանք, նախարարը պատասխանեց․ - «Մենք այդ բոլոր ծրագրերը նաև այլ հարթակներով և այլ միջոցներով բոլոր հնարավոր ներդրողներին ներկայացնում ենք։ Ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, որպեսզի նաև դա ներկայացվեր, սակայն դա միակը չէ և այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր և պոտենցիալ ներդրողներին»:

Այն, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումների խիստ կարիք ունի, չեն թաքցնում անգամ գործադիրում: Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության առաջին 100 օրը ամփոփող հաշվետվությունում նշված է՝ 2016-ի առաջին իննը ամիսներին երկիր հոսած օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 92 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 1.3 տոկոսը, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2016թ․-ին այդ երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ավելի քան 1 միլիարդ 625 միլիոն դոլար: Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով, անցած տարվա առաջին ինն ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 5 միլիարդ 439 միլիոն դոլար կամ 59 անգամ շատ հայաստանյան ցուցանիշից:

Չնայած հսկայական տարբերությանը, Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հարկ էին համարել մեկնել Դավոս և ներդրումային ծրագրեր ներկայացնել համաշխարհային գործարար հանրությանը: Իլհամ Ալիևը, օրինակ, մոտ երեք տասնյակ հանդիպում է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Հետաքրքիր է՝ արդյոք Հայաստանի կառավարությունում քննարկե՞լ են Դավոսի համաժողովին մասնակցելու հարցը, միգուցե ինչ-որ ծրագրե՞ր են քննարկել Դավոսի համար՝ այսօր Կարայանի պատասխանն անորոշ էր: «Կառավարությունում քննարկվե՞լ է՝ կարելի է այս ծրագիրը ներկայացնել, կամ այն ծրագիրը ներկայացել», - «Ազատության» այս հարցին նախարարն արձագանքեց․ - «Ես Դավոսի մասով արդեն իսկ պատասխանեցի, և ես զարմանում եմ, թե ինչու եք այդքան կենտրոնացել հենց Դավոսի համաժողովի շրջանակներում»:

Շուտով լրանում է տասներորդ տարին, ինչ Սերժ Սարգսյանի հայտնի հրապարակային խոստումներից հետո Հայաստանի՝ մեկը մյուսին հաջորդող կառավարությունները խոսում են նոր ատոմակայանի և հայ-իրանական երկաթգծի կառուցումից: Ցայսօր այդ ծրագրերի թղթի վրա մնալը պայմանավորված է նախևառաջ գումարի բացակայությամբ:

«Ազատություն»-ը այսօր դիմեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին․ - «Օրինակ, կարելի էր հայ-իրանական երկաթգիծը ներկայացնել, ատոմակայանը: Ինչո՞ւ մարդ չգնաց Հայաստանի կառավարությունից Դավոս»: «Ես չեմ կարող մեկնաբանել այդ հարցին, տնտեսական զարգացման նախարարությունը», - արձագանքեց Մարտիրոսյանը: Հարցին էլ՝ «քննարկե՞լ եք՝ առջևում Դավոսի համաժողովն է և ինչ կարելի է անել, կառավարությունում քննարկվե՞լ է», նա պատասխանեց․ - «Ես տեղյակ չեմ, կարող է քննարկվել է՝ ես տեղյակ չեմ»:

Թեև այս տարվա համար վարչապետը, կառավարության մյուս ներկայացուցիչները խոսում են մոտ 500 միլիոն դոլար հնարավոր ներդրումների մասին, սակայն Կարեն Կարապետյանի կառավարության առաջին 100 օրվա հաշվետվությունն աչքի անցկացնելով՝ թվերն անհամեմատ համեստ են․ կոնկրետ ծրագրերի առումով այս տարվա առաջին եռամսյակում սպասվում է ընդամենը 6.1 միլիոն դոլարի ներդրում:

Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները չեն մեկնել Դավոս, որովհետև ներկայացնելու գեթ մեկ ծրագիր չեն ունեցել:

«Ցանկացած համաշխարհային միջոցառում, որը վերաբերում է ներդրումներին, ոչ ոք չի կարող գերազանցել, չի էլ փորձում գերազանցել Դավոսը, և տեսեք՝ էս տարի էլ նաև առանձնահատուկ էր այն առումով, որ 3 հազար մասնակից էր մասնակցում, և դա ռեկորդային թիվ էր: Ամեն տարի Դավոսից հետո ամփոփվում է, թե քանի միլիարդ՝ կա՛մ տասնյակ, կա՛մ հարյուրավոր միլիարդների դոլարների պայմանագրեր կնքվեցին ներդրումների համար: Սա՝ ընդհանրապես Դավոսի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մասնակցությանը, ես կարծում եմ որ մասնակցելը իմաստ չուներ այն առումով, որովհետև էնտեղ ասելիք չկա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG