Մատչելիության հղումներ

Լավրով. «Ես հույս ունեմ, որ Թրամփը ուրիշ երկրների գործերին չի խառնվի»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը Պետդումայում, Մոսկվա, 25-ը հունվարի, 2017թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը Պետդումայում, Մոսկվա, 25-ը հունվարի, 2017թ.

Երեկ Ռուսաստանի Պետդումայում քննարկվում էին ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքների վարպետ է, և հավելել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կարողանում է պայմանավորվել և միշտ՝ ի օգուտ Ռուսաստանի։

«Կրեմլն այսօր չունի պատրանքներ, որ առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, և տեղի կունենա երկրորդ վերաբեռնավորումը», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ ժամանակ և լուրջ աշխատանք է անհրաժեշտ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վերականգնելու համար։ Այդուամենայնիվ, Լավրովը հույս է հայտնել, որ Թրամփը կկատարի իր խոստումները և չի խառնվի ուրիշ երկրների գործերին։

«Այո, ես հույս ունեմ, որ արտաքին ասպարեզում նա կգործի այնպես, ինչպես նախկինում հայտարարում էր, ուրիշ երկրների գործերին չի խառնվի և հավելյալ խնդիրներ Միացյալ Նահանգների համար չի ստեղծի», - ասել է Լավրովը՝ ընդգծելով. - «Օբամայի օրոք Ուկրաինայի իշխանություններն այնքան էլ ինքնուրույն չէին գործում և ավելի շատ լսում էին իրենց ամերիկացի տերերին՝ ԱՄՆ նախկին նախագահին և փոխնախագահին»։

Հավելենք, որ նույն օրը ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ Սպիտակ տան և Կրեմլի միջև շփումներ չկան, և այսօր Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG