Մատչելիության հղումներ

Փարիզում հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Երեկ Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հանդիպումը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենը և քարտուղարության գլխավոր պատասխանատուները, նվիրված էր 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Միկաել Ժանին տեղեկացրել է, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և այդ հարցը ներառված էր դեկտեմբերին կայացած ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, որի արդյունքներով պետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։

Զրուցակիցները քննարկել են գագաթնաժողովի անցկացման հնարավոր ժամկետները, հանգամանալից անդրադարձել գագաթնաժողովի բովանդակային և կազմակերպչական բազմաթիվ հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միկաել Ժանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական խմբի առաջին առաքելության Երևան այցի մասին։

Հանդիպմանն անդրադարձ է արվել անցյալ նոյեմբերին Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդյունքներին, ընդունված որոշումների իրագործման ընթացքին, մտքեր են փոխանակվել ՖՄԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG