Մատչելիության հղումներ

Օրերս «Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չէր բացառել, որ այդ ծրագիրը կարող է չիրականացվել։

Քիչ առաջ մեկնարկել է ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ակնկալվում է, որ ի վերջո պարզ կդառնա՝ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում հսկողություն իրականացնող տեսախցիկներ կտեղադրվե՞ն, թե ոչ։

4+4+4 ձևաչափի շրջանակում ընդդիմադիրների և իշխանությունների միջև ձեռք բերված՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու շուրջ պայմանավորվածության ճակատագիրը մինչ օրս օդից կախված է: Օրերս «Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան չէր բացառել, որ այդ ծրագիրը կարող է չիրականցվել։

Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանի խոսքով՝ քննարկումները շարունակելու ժամանակ տեխնիկապես արդեն գրեթե չկա: Ավագյանը, սակայն, նշեց՝ ցանկացած արդյունքի դեպքում իրենց գնահատականը կներկայացնեն «վերջում»:

Եթե ՀԱԿ-ը չի շտապում տեսախցիկների տեղադրման հարցում իշխանություններին մեղադրել դանդաղկոտության մեջ, ապա հանձնաժողողում ներկայացված մյուս ընդդիմադիրները պնդում են՝ իշխանությունները քաղաքական կամք չունեն՝ գործը գլուխ բերելու համար։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս մտահոգված է, որ ծրագիրը կարող է տապալվել։ «Էստեղ պետք է ավելի շատ շահագրգիռ լինի պետությունն ինքը, որովհետև եթե ինքն ուզում է ազատ արդար ընտրություններ, ապա առաջին հերթին ինքը պետք է մտածի՝ ինչպես հայթայթել այդ գումարը և ինչպես անել, որ նկարահանման գործընթացը գնա, մենք նկարահանումն անհրաժեշտ վերահսկողություն ենք համարում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բիշարյանը:

Իշխանության ներկայացուցիչներն այս ծրագրի տապալումն ի սկզբանե չէին բացառում՝ վկայակոչելով ֆինանսական խնդիրներ. մրցույթին մասնակցած ու շահած միակ ընկերությունը Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու ու հեռարձակում ապահովելու համար ներկայացրել է 3 միլիոն 800 հազար եվրոյի նախահաշվարկ, մինչդեռ Եվրամիությունը տրամադրել է դրանից զգալիորեն պակաս գումար։

Մրցույթը շահած EIC ընկերությունն, ի դեպ, նախահաշվի մեջ ներառել է նաև հարկերը: Ընդդիմադիրները տարակուսած են․ մի՞թե պետությունը պատրաստվում է հարկել Եվրամիության նվիրատվությունը, որն արվել է հանուն Հայաստանում ավելի որակյալ ընտրությանների։ «Այդ մոտեցումն անընդունելի կլինի․․․բայց իշխանությունը կարծես շահագրգիռ չէ»,- նկատում է ՕԵԿ ներկայացուցիչը:

ՀԱԿ-ից Ավետիս Ավագյանի խոսքով էլ, եթե ծրագիրը հարկերից ազատվի, զգալի գումար կտնտեսվի, ինչը ևս կուղղվի տեսախցիկներ գնելու և տեղադրելու գործին։ «Քանի որ սա նվիրատվություն է, իսկ հետո էլ գույքը դառնալու է պետական սեփականություն, ապա տրամաբանական է, որ այն ազատվի ԱԱՀ-ից»,- ասաց Ավետիս Ավագյանը:

Մրցույթը շահած EIC ընկերությանը ղեկավար Գագիկ Փանոսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, նշելով, որ ինքը ևս սպասում է, թե ինչ կորոշի ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը:

XS
SM
MD
LG