Մատչելիության հղումներ

Քաղաքապետերը «հիմնականում ոչ թափանցիկ» են գործում


Տեսարան Վանաձորից, արխիվ
Տեսարան Վանաձորից, արխիվ

Նման եզրահանգման է եկել «Ասպարեզ» լրագրողական ակումբը, ուսումնասիրելով Հայաստանի խոշոր 17 համայնքների գործունեությունը:

Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին և այլ քաղաքների տեղական իշխանության թափանցիկության ցուցանիշն «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 10 բալանոց համակարգով գնահատում է 7, պնդելով՝ դա բավարար չէ ժողովրդավարական արժեքների և խոսքի ազատության տարածման առումով։

Լևոն Բարսեղյանի գնահատմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները սովորաբար տեղեկությունները հանրությունից թաքցնում են հիմնականում երկու պատճառով՝ օրենքին տեղյալ չլինելը և կոռուպցիան:

«Շատ միահյուսված են իրար հետ: Իշխանությունն, իբր, սրբազան բան է, և մարդ իրավունք չունի հաղորդակից լինելու այդ պրոցեսին․․․գուց և այնպիսի ասել-խոսելիք, դնել-վերցնելիք ունեն, որ կարիք չկա խոսել այդ մասին, այսինքն հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ ընդունված որոշումներն, ի վերջո, պարտավոր են հրապարակել: Ավանդույթի ուժով նաև կոռուպցիոն ռիսկեր են այդտեղ պարունակում․․․»,- ասում է Բարսեղյանը:

Հետազոտությունը, սակայն, նաև բացահայտում է, որ 10 տարի առաջ տեղական իշխանություններն ավելի փակ էին։ Նա թվարկում է որոշ քաղաքներ, որոնցում ավագանու նիստերին այժմ կարող են մասնակցել նաև քաղաքացիները․ քաղաքապետերն ու ավագանին այդ պարագայում խոչընդոտներ չեն հարուցի։ Մինչդեռ, այս առումով հարաբերականորեն բաց Վանաձորի և Գյումրիի համեմատությամբ, Երևանը մնում է փակ համայնք, ընգծում է Բարսեղյանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Գարեգին Մանուկյանը, ով այսօր ներկա էր «Ասպարեզ»-ի զեկույցի քննարկմանը, նշեց, որ արդեն 28 համայնքներում սկսվել է ավագանու նիստերի առցանց հեռարձակումը։

Ի թիվս այլ խնդիրների, «Ասպարեզ»-ի ղեկավարն առանձնացնում է որոշ քաղաքապետարանների կողմից «ոչ պատշաճ» տեղեկատվության տրամադրումը։ Ավագանու կամ քաղաքապետի որոշման կամ նիստերի վերաբերյալ տեղեկությունների հղումների փոխարեն հաճախ կազմակերպությանն է ուղարկվել համայնքի կայքէջի հասցեն, որտեղ, սակայն, պահանջվող տեղեկությունը չի եղել։ Այս պրակտինան, Բարսեղյանի խոսքով, բնորոշ է հատկապես հանրապետական քաղաքապետ ունեցող Էջմիածնին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնյայի խոսքով, որոշ համայնքների աշխատակիցներ պարզապես ծուլանում են իրենց պարատականությունները կատարելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG