Մատչելիության հղումներ

Հայաստանը 18 հորիզոնականով հետընթաց է արձանագրել կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում


Բոլիվիայի և Վիետնամի հետ Հայաստանը կիսում է 113-րդ հորիզոնականը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում։ Զեկույցում ներառված է 176 երկիր։ Նախորդ տարվա համեմատ, 2016-ին մեր երկիրը 18 հորիզոնականով հետընթաց է արձանագրել։

Աղյուսակը կազմելու սկզբունքը հետևյալն է. փորձագետները համադրում են տարբեր կազմակերպությունների հետազոտություններն ու գնահատականները և ըստ դրա միավորներ տալիս պետություններին։ Որքան շատ են երկրի միավորները, այնքան ցածր է երկրի կոռումպացվածության աստիճանը։ Թեև Հայաստանի հետընթացը 18 հորիզոնական է, սակայն կորցրած միավորները 4-ն են՝ նախորդ տարիների 37-ի փոխարեն` 33 միավոր։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ցուցանիշը մտահոգիչ է համարում, բայց ոչ աղետալի։

«Առայժմ մենք կարող ենք խոսել միայն միտումի մասին», - ասում է Հոկտանյանը։

Ո՛չ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Կարեն Կարապետյանի օրոք Հայաստանը փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարի առումով, ըստ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության, հաջողության չի հասել։ Կարելի՞ է արդյոք ձախողված համարել վարչապետների մղած պայքարը։

«Վարչապետը չէ, որ որոշում է ամեն ինչ, այնպես որ՝ խորհուրդ կտայի մի քիչ ավելի վերև նայել։ Եթե չկա քաղաքական կամք, եթե չկա լուրջ կառուցվածքային, ինստիտուցիոնալ բարեփոխումների ցանկություն և նպատակ, միայն ռազմավարություն գրելով չի լուծվի այս հարցը», - ասում է փորձագետը։

Միայն խորհուրդ ստեղծելով կոռուպցիան չես վերացնի, եզրակացնում է Վարուժան Հոկտանյանը՝ շեշտելով Հայաստանում կոռոպցիան վերացնելու ցանկության բացակայությունն ու օլիգարխիկ համակարգի առկայությունը. - «Ունենք օլիգարխներ, ունենք տարբեր ազդեցիկ գործարարներ, որոնք կառավարության որոշումների վրա իսկապես ազդում են։ Այն, ինչ կոչվում է պետության զավթում՝ երբ այդ ազդեցիկ ֆինանսատնտեսական խմբերը սկսում են թելադրել իշխանություններին իրենց քաղաքականությունը, նույնպես բերում է այդպիսի պատկերի»:

Տարածաշրջանում լավագույնը Վրաստանի ցուցանիշն է՝ 44-րդ հորիզոնական։ Թուրքիան, չնայած արձանագրած անկմանը, Հայաստանից լավ վիճակում է՝ 75-րդ հորիզոնական։ Թռիչքային է Բելառուսի հաջողությունը 79-րդ տեղ: Հայաստանում, ի տարբերություն Հայաստանի, Վարուժան Հոկտանյանի համոզմամբ իրավիճակի բարելավման միտում անգամ չկա: Փորձագետն ընդգծում է, 2016-ի աղյուսակում ավելացվել է ցուցանիշը հաշվարկելու նոր բաղադրիչ, որը Հայաստանում բավականին ցածր է. - «Սոցիալական անհավասարություն. իսկ Հայաստանը, դժբախտաբար, այդ տեսակետից բավականին տհաճ վիճակում է գտնվում` սոցիալական շատ լուրջ անհավասարության պայմաններ են Հայաստանում, և սա սա, գումարած նաև տնտեսական այն մոդելը, որը Հայաստանում գործում է` սա իսկապես կոռուպցիայի բավականին պարարտ հող է»:

Կոռումպացված երկրների ցանկում շարունակում է մնալ Ադրբեջանը՝ 123-րդ հորիզոնականը կիսելով աֆրիկյան Ջիբուտիի հետ։ Հետնապահների ցանկում են նաև Իրանն ու Ռուսաստանը։ Նրանք կիսում են 131-րդ հորիզոնականը։ Կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:

XS
SM
MD
LG