Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը «շատ գոհ է» Ռուսաստանում անցկացված բանակցություններից


Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առավոտյան Ռուսաստանում ընդունված արարողակարգի համաձայն ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, հետո այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։

Արքեպիսկոպոսը Կարապետյանի այցը պատմական է որակել, ընդգծել է, որ վարչապետը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ և բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաև որպես բարերար։

Կեսօրին Հայաստանի վարչապետը Մոսկվայում հայտնի հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ռեստորանում հանդիպել է մի խումբ հայ գործարարների հետ, իսկ երեկ երեկոյան Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքում նա հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի հիմնական միջոցառումը երեկ էր՝ հունվարի 24-ին․ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մերձմոսկովյան նստավայրում անցել են հայ-ռուսական բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանը հետևած կարճ ասուլիսին և երեկոյան դեսպանատանը ունեցած իր ելույթում Կարապետյանը ընդգծել է, որ բանակցություններից շատ գոհ է։

«Մեր բոլոր նախաձեռնություններին ռուսական կողմը դրական է արձագանքել», - հայտարարել էր Կարապետյանը, - «Պայմանավորվել ենք, որ պետք է ստեղծել հայ-ռուսական ինտեգրացիոն հիմնադրամ՝ ռուսական ներդրումներ Հայաստան բերելու համար»։

Նշենք, որ երեկվա բանակցություններին հետևած ասուլիսին Ռուսաստանի վարչապետը այս կապակցությամբ ավելի զգուշավոր հայտարարություն էր արել, ասելով, որ ներդրումային հիմնադրամը գաղափար է, և պետք է դեռ հասկանալ, թե ինչ ֆինանսավորում պետք է ունենա այդ հիմնադրամը։

Երեկ Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան կատարած այցը լուսաբանել են բոլոր հիմնական ռուսաստանյան լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կնքվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Հայաստանից բացի ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա:

Թե սրա դիմաց ի՞նչ արտոնություններ են ստանում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում, երեկվա բանակցությունների ընթացքում չի նշվել: «ՄԻՌ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կարեն Կարապետյանն ասել է, որ աշխատանքային միգրանտների հարցը հանդիպմանը չի քննարկվել:

XS
SM
MD
LG