Մատչելիության հղումներ

Իրանցի գործարարներին ներկայացվել են մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները


Բեռնատար ավտոմեքենա հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետում, արխիվ
Բեռնատար ավտոմեքենա հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետում, արխիվ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի գործարարների հետ: Հարևան երկրից ժամանած հյուրերին ներկայացվել են Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ իրանցի գործարարները ծանոթացել են մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվել է Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով երկու կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով՝ Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Փորձնական մեկնարկը տեսանելի է դարձրել Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը, հաղորդագրության համաձայն, բավական լավ ցուցանիշ է: «Բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաև հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը Թեհրան հասցնելը», - ասված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Գվոզդևը խոսել է, մասնավորապես, բեռների ապահովագրության և գործընթացի կազմակերպման «մեկ պատուհան» սկզբունքի մասին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ նպաստելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG