Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Հայաստանն արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ ունի


Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Այս մասին այսօր ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման ժամանակ՝ նշելով, որ այս ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը:

«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները: Այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանքներ են տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ: Տարածաշրջանային առումով արդյունավետ համագործակցում ենք մեր հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Սարգսյանը:

Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև: Այդ հանգամանքը, նախագահի խոսքով, լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:

«Երկարաժամկետ առումով «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն ավելի հեռանկարային են և կայուն: Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով: Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80 տոկոսով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: «Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա», - ասել է նախագահը՝ ընդգծելով, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ: Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ՝ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները և ներդրումային հնարավորությունները: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք և հաջողություն: Վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու», - ասել է նախագահը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից երեսունից ավելի օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG